Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը վաղուց ավարտված է: Մեղադրանքի կողմի միջնորդությամբ նշանակված լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն ստացվելուց հետո էլ նույն մեղադրանքի կողմի միջնորդությամբ նշանակվեց նոր դատական նիստ՝ փորձագետներին հարցաքննելու պատճառաբանությամբ, որից հետո դատախազությունը խնդրեց ընդհատել գործի քննությունը՝ դարձյալ «ողջամիտ» ժամկետ խնդրելով՝ նոր միջնորդությունների համար:

 

 

Դատական քննությունն այս հիմքով հետաձգելու համար դատարանից անձամբ ժամանակ խնդրած գլխավոր դատախազության ներկայացուցիչը, սակայն, չէր ներկայացել երեկվա նիստին, Լոռու դատախազն էլ անպատրաստ էր եկել: Պատճառաբանեց, թե տրված ժամկետում չեն հասցրել հետազոտել 58 դատական նիստերի արձանագրություններն ու գործի նախաքննության 4 հատորները, որպեսզի մեղադրողներով միասնական կարծիքի գան, իր խոսքով, արարքն այս կամ այն կարգով վերաորակելու համար: Ուստի՝ մեղադրող դատախազը հերթական «ողջամիտ ժամկետը» խնդրեց դատարանից՝ «ապացույցները համակցության մեջ նորից հետազոտելու, վերաբերելիության տեսակետից գնահատելու, որից հետո մեղադրանքի հետ կապված միջնորդությամբ հանդես գալու՝ մեղադրանքը փոփոխելու»:

 

 

Ինչպես պաշտպանական կողմը նկատեց, վերջին մեկուկես տարում այս գործով դատական նիստերը բացառապես մեղադրանքի կողմի միջնորդությունների հիման վրա են հետաձգվում, մինչդեռ այլ գործերով սովորաբար հակառակ պատկերն է: Եվ տպավորություն է, որ մեղադրանքի կողմն իր իսկ առաջադրած մեղադրանքից է պաշտպանվում: Տուժող կողմին ևս անհասկանալի մնաց մեղադրող կողմի՝ «ողջամիտ ժամկետի» հերթական միջնորդությունը: Ինչևէ, դատարանը բավարարեց գործի քննությունը հետաձգելու՝ դատախազության հերթական «ողջամիտ» խնդրանքը՝ հիմնավորելով, որ հիմքերի առկայության դեպքում դատախազությունն օժտված է մեղադրանքը փոփոխելու լիազորությամբ: Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 22-ին: