Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կողմ կքվեարկի ՌԴ-ից 200 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ ստանալու համաձայնագրին: Մինչ այդ իր ելույթում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ «Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու համաձայնագրին:

 

 

ԱԺ-ում ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկման ընթացքում իր ելույթում Ռուբիկ Հակոբյանն ընդգծեց, որ համաձայնագիրը իսկապես երկու ռազմավարական դաշնակիցների միջև կնքված փաստաթուղթ է, որը բխում է երկու երկրների շահերից: «Ես շատ վարկային համաձայնագրերի վերապահումներով եմ մոտեցել և դեմ եմ քվեարկել, սակայն սա այն համաձայնագիրն է, որն իսկապես բխում է մեր երկրի շահերից և ուղղված է մեր պաշտպանական համակարգի ամրապնդմանը: Մենք բոլորս մի փոքր էլ պարտավոր ենք դրական խոսել այս վարկի մասին, որովետև այն իր բնույթով տարբերվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

 

 

Ռուբիկ Հակոբյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե ՌԴ-ն միայն իր շահերից ելնելով է տրամադրում այդ վարկը Հայաստանին: Նրա խոսքով՝ սա փոխշահավետ արտոնյալ վարկ է:

 

 

Պատգամավորի խոսքով' Հայաստանին օդի նման անհրաժեշտ են այն զենքերը, որոնք համաձայնագրով պետք է ստանա Հայաստանը: «Եթե հիշում եք, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը սկսվեց, երբ նրանք գերզինված էին և սպառնում էին մեկ օրում ոչնչացնել Հայաստանը պատերազմի վերսկսման դեպքում, մենք այս դեպքում կարող ենք ասել ավելին, քան նրանք: Այսօր Ադրբեջանի ագրեսիան զսպելու առաջին երաշխիքը հայկական ուժեղ բանակն է, որի առավել հզորացմանն ուղղված քայլեր մենք պարտավոր ենք ձեռնարկել»,- հայտարարեց Հակոբյանը;

 

 

Պատգամավորը համաձայնեց Արծվիկ Մինասյանի հետ, որ նման վարկերը Հայաստանը և Ռուսաստանը պետք է կնքեն ոչ թե դոլարով, այլ ռուսական ռուբլիով: Նա հույս հայտնեց, որ հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը կբացատրի, թե ինչու է համաձայնագրով նախատեսված վարկը տրամադրվելու դոլարով, ոչ թե ռուբլիով:

 

 

Հատկանշական է, որ Ռուբիկ Հակոբյանի ելույթի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարել էր, որ «Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու համաձայնագրին, տեղից խանգարում էր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ստիպված եղավ միջամտել՝ Փոստանջյանին հորդորելով չբռնանալ այլոց կարծիքների վրա և թույլ տալ, որպեսզի մարդիկ իրենց խոսքն ասեն: