Մեր հիմնական մրցակիցը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ սեփական վախը, սեփական փոքրությունը, սեփական խանդը։ Այդ մասին հայտարարել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կառավարության նիստերի դահլիճում հավաքված ընտրողների մեծ բազմությանը ներկայացնելով իր ծրագրի դրույթները։

«Հարգում ենք բոլորին, բոլորն էլ ունեն իրենց սխալներն ու առավելությունները, բայց արդեն եկել է ժամանակը, ինչ էլ անեն, ճար չկա, ժողովուրդը հաղթելու է։

Այս պայքարը Րաֆֆիի եւ Սերժի, «Ժառանգության» եւ ՀՀԿ-ի պայքարը չէ, սա հայաստանցու պայքարն է' մեր հայրենիքը հետ բերելու համար։ Այս պայքարը պետական դրոշի համար է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ծնկեց եւ համբուրեց հետեւում դրված պետական դրոշը։

«Մեր պայքարը ոչ թե կուսակցության դրոշ բարձրացնողների, այլ հայրենիքի դրոշ բարձրացնողների պայքար է։ Այս պայքարը մի անգամ մեր կյանքի մեջ տանելու է դեպի հաղթանակ»,- նշեց թեկնածուն եւ հավելեց. «Շատ շուտով նրանք ովքեր չունեն արժանապատիվ աշխատանք, չեն կարողանում իրենց սեղանին մի կտոր հաց դնել, ովքեր խոպան են գնում, պիտի փոխենք, եւ մեր ժողովրդին հետ բերենք դեպի Հայաստանի ապագան։ Նրանք ովքեր մեզ ծաղրում են, ովքեր մեզ թալանել են, պիտի պատասխանը տան եւ անցնեն, իսկ մենք պիտի վերամիանանք մեր իրավունքին ու մեր հայրենիքին։ Աստվածաշնչում ասվում է՝ Առաջինները կդառնան վերջին, իսկ վերջինները առաջին»։