Սիրիայի բանակի կողմից «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման գերի ընկած մարտիկները խոստովանել են, որ Թուրքիայի տարածքում ռազմական պատրաստություն են անցել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սիրիայի պետական հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման մեջ նրանք հայտնել են, որ սիրիական բանակի դեմ կռվելու համար իրենք թուրք վարժեցնողների կողմից պատրաստություն են անցել Թուրքիայում այդ նպատակով բացված ճամբարներում:

 

 

Գերի ընկած ԻՊ-ի մարտիկներ Ահմեդ Մուստաֆան, Զաքարիա Շրաք ազ Զեյթը եւ Մուհամեդ Աքիֆը հարցաքննության ժամանակ պատմել են, որ հավաքագրվել են տարբեր մարդկանց կողմից:

 

 

Ահմեդ Մուստաֆան հայտնել է, որ Սիրիայի Սիլքին ավանում գտնվող ճամբարում 4 ամիս վարժեցումից հետո ուղարկվել է Թուրքիա, որտեղ թուրք հրամանատրների կողմից պատրաստվելուց հետո նշանակվել է Հալեպի Սալահեդդին թաղամասի շրջապատման պահակակետի ղեկավար: Մասնակցել է Ազ Զահրա միության գրասենյակի վրա հարձակմանը եւ գերի ընկել: Զաքարիա ազ Զեյթը պատմել է, որ «Աթ Թոհիդ» բրիգադի անդամ է, Ազ Զահրայի վրա հարձակման իրենց 60 հոգանոց ջոկատի բոլոր անդամները զոհվել, իսկ ինքը գերի է ընկել:

 

 

Մուհամեդ Աքիֆն էլ խոստովանել է, որ Սիլքինի ճամբարից հետո պատրաստություն է անցել Թուրքիայում: Սիրիա վերադառնալու ժամանակ 200 դոլար պարգեւ է ստացել: Սիրիայի բանակի հետ առաջին իսկ բախման ժամանակ իրենց ջոկատը վերացվել է, իսկ ինքը՝ գերի ընկել: