Ավելի քան 5500 կամավոր իրաքյան հարավային՝ հիմնականում շիաներով բնակեցված տարածքներից, զինպատրաստություն են անցել և համալրել իրաքյան ուժերի շարքերը' պայքարելու «Իսլամական պետության» դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Դե Կար նահանգի նահանգապետ Յահյա ան Նասերին տեղեկացրել է, որ Դե Կարայի ռազմական կենտրոններում ավելի քան 30 հազար ռազմիկներ են զինպատրաստվել:

 

 

«5583 իրաքցի կամավորներ Դե Կար նահանգում զինպատրաստություն անցնելուց հետո ընդգրկվել են «Հաշադ աշ Շաաբի» խմբավորման շարքերում»,- նշել է նահանգապետ Յահյա ան Նասերին: Նա նաև հայտնել է, որ խմբավորման մեջ ընդգրկված են 100 հազար զինվորականներ:

 

 

Արաբական աղբյուրների տեղեկացմամբ՝ ԻՊ-ն թույլ չի տալիս Ֆալլուջա քաղաքի արևմտյան հատվածների բնակիչներին հեռանալ թեժ մարտերի գոտուց: Մյուս կողմից միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծում են իսլամիստների դիրքերը:

 

 

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: