Ազգային արխիվը 2015 թվականի աշնանը կհրատարակի «Հայ եկեղեցու կալվածքներն Օսմանյան Թուրքիայում» օսմաներեն և հայերեն աշխատությունը, որտեղ ամփոփված են Էջմիածնի, Կիլիկիո, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի կաթողիկոսություններին պատկանող և Թուրքիայի տարածքում գտնվող գույքի իրավական փաստաթղթերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հուլիսի 8-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Աշխատությունը հետագայում կթարգմանվի նաև անգլերեն: «Կան նաև սեփականության վկայականներ, որոնք ժամանակին տրվել են Օսմանյան Թուրքիայում եկեղեցապատկան հողերի և կալվածքների համար»,- ասաց Վիրաբյանը:

 

Ազգային արխիվի տնօրենը կարևորեց փաստաթղթերի հրատարակման արդիականությունը Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի առաջնորդությամբ Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացրած հայցի համատեքստում, որով պահանջում են օրինական տերերին վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը:

 

Վիրաբյանի փոխանցմամբ' շարունակվում է ախիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը, որն սկսվել է 2010 թվականից: «Այս տարի թվայնացվել է մոտ 100 հազար փաստաթուղթ, իսկ ընդհանուր՝ մոտ 1 մլն։ Իսկ արխիվում պահվող նյութերի քանակը շուրջ 350 մլն է»,- նշեց բանախոսը' հավելելով, որ առաջնահերթ ուշադրություն է դարձվում մեծ հետաքրքրություն առաջացնող փաստաթղթերին, որոնք են մարդահամարների տվյալները, մարդկանց ծագման, տոհմածառերի մասին նյութերը, եկեղեցու չափաբերական մատյանները՝ ծնունդ, կնունք:

 

Սեպտեմբերին լինելու է մյուռոնի եփման արարողությունը, որի կապակցությամբ կհրապարակվեն նաև Ազգային արխիվում պահվող բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են Հայոց եկեղեցու այդ գլխավոր արարողությանը:

 

Մյուռոնօրհնության օրը հին շրջանում տեղի էր ունենում Ավագ հինգշաբթի։ Վերջին 2-3 դարերում այժմյան խմբագրությամբ կանոնակարգված «Մաշտոցները» հրահանգում են օրհնությունը կատարել Ավագ Հինգշաբթի, Հոգեգալստյան տոնին կամ էլ պատշաճավոր որևէ մեկ այլ օր։ Հաշվի առնելով, որ օրհնության ժամանակ տարբեր կողմերից մեծաթիվ ուխտավորներ են գալիս և նկատի ունենալով Արարատյան դաշտի եղանակային յուրահատկությունները և համանման մի շարք գործոններ՝ վերջին հարյուրամյակում Մյուռոնի օրհնությունը սովորաբար կատարվում է աշնանը: