Orange-ի ներկայացուցիչները կրկին Տավուշի մարզում են, որտեղ տեղի ունեցավ Հայկական ակնաբուժության նախագծի ակնային տարածաշրջանային կենտրոնի բացումը: Կենտրոնում ներկայումս արդեն գործում է ակնային զննումների սենյակ, որը շուտով կհամալրվի նորագույն տեխնոլոգիաներով զինված վիրահատությունների սենյակով։ Այս մեծածավալ նախագիծն իրականություն է դարձել Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Տավուշի մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և գլխավոր հովանավոր՝ Բոյաջյան ընտանիքի շնորհիվ: Օրանժ Արմենիան կենտրոնին տրամադրել է որակյալ տեղական և միջազգային տեսակապ ապահովող տեխնիկական լուծում, որը հնարավորություն է տալիս Կենտրոնում իրականացվող վիրահատություններն անցկացնել ՀՀ և միջազգային փորձառու մասնագետների վերահսկողությամբ՝ Իջևանի կենտրոնից իրական ժամանակում տեսակապ հաստատելով Երևանի հետ։

 

«Նորարարությունը մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել մեր ռազմավարությունում: Շուկա մուտք գործելու պահից Orange-ը առավելագույն ջանքերն է գործադրել ՀՀ տարբեր ոլորտներում, այդ թվում առողջապահության, և կրթության, ժամանակակից տեխնոլոգիաներ ու նորարարական լուծումներ ներդնելու ուղղությամբ: Այսօր ուրախ ենք մեր գործընկերների հետ միասին մասնակցել ՀԱՆ-ի' երկար սպասված ակնային տարածաշրջանային կենտրոնի բացմանը, և հպարտ ենք տեղական ու միջազգային որակյալ կապ ապահովող մեր նորարար տեխնիկական լուծման շնորհիվ նպաստել այս տարածաշրջանում որակյալ ակնաբուժական ծառայությունները բնակչությանն ավելի հասանելի դարձնելու կարևոր գործին», - ասաց Օրանժ Արմենիայի գործադիր խորհրդի անդամ Արսեն Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ Orange Հիմնադրամը Հայկական Ակնաբուժական Նախագծի հետ համագործակցում է 2011թ.-ից: Այս ընթացքում «Լույս հայի աչքերին» նախագծի շրջանակնեում հայկական մարզերում որակյալ անվճար ծառայություններից օգտվել է ավելի քան 68000 բնակիչ, իսկ Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվել է շուրջ 6000 վիրահատություն և լազերային բուժում:

 

«Ծրագրի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզերում և ապահովելով դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները կգան փոխարինելու Աչքի շարժական հիվանդանոցին (ԱՇՀ)՝ բարեգործական հիմունքներով անվճար բուժմանը զուգահեռ տրամադրելով նաև վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին: Վերջինս կօգնի կենտրոններին շարունակել անվճար սպասարկել սոցիալապես անապահով մարդկանց՝ միաժամանակ ապահովելով ինքնաֆինանսավորումը», - ասաց ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

 

Հայկական ակնաբուժության նախագծի ակնային տարածաշրջանային կենտրոնի բացմանը մասնակցեցին ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ԱՄՆ-ից ժամանած ակնաբուժական ոլորտի անվանի փորձագետներ, ինչպես նաև այլ հարգարժան հյուրեր: