Լոզանի արբիտրաժային դատարանի՝ երեկ կայացրած որոշմանն է անդրադարձել Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը:

Եվրո 2016թ-ի որակավորման փուլի՝ հոկտեմբերի 14-ին Սերբիայի և Ալբանիայի ընտրանիների միջև հանդիպումը կիսատ էր մնացել անօդաչու սարքի՝ ալբանական դրոշով դաշտում հայտնվելու արդյունքում: Սերբիայի ընտրանու խաղացող Ստեֆան Միտրովիչը փորձել էր պոկել դրոշը, ինչի արդյունքում դաշտում ծեծկռտուք էր սկսվել, որին խառնվել էին նաև երկրպագուները: Հանդիպումն ընդհատվել էր առաջին խաղակեսի ավարտին:

Այս կապակցությամբ ՈւԵՖԱ-ն Ալբանիային 0:3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցել, իսկ Սերբիայից երեք միավոր հանել:

Ահա երեկ Լոզանի արբիտրաժային դատարանը չեղարկել է ՈՒԵՖԱ-ի որոշումը և Ալբանիային երեք միավոր է շնորհել, տեղեկացնում է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, իսկ Սերբիայի հաշվին գրանցել է տեխնիկական պարտություն, դրան գումարած՝ լրացուցիչ երեք միավոր հանելու որոշումն ուժի մեջ թողել:

ՈւԵՖԱ-ն դեռ չի հաստատել տեղեկությունը:

Այս կապակցությամբ Սերբիայի, Ալբանիայի և Հայաստանի ընտրանիների հետ միևնույն խմբում ընդգրկված Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը նշել է.

«Ճիշտ է՝ ամեն ինչ նախկինի պես կախված է մեզանից, սակայն հիմա խնդիրն ավելի բարդ է դարձել: Նախկինի պես պետք է պարտադիր հաղթենք Ալբանիային, Հայաստանին և երեք միավոր վաստակենք Պորտուգալիայի հետ վերջին տուրում: Քանի որ ամեն ինչ այս ամենին հասավ, պետք էր հավաքականներին պարտավորեցնել ավարտին հասցնել հանդիպումը: Այսպես Ալբանիան վաստակեց երեք միավոր՝ չարժանանալով դրան դաշտում»,- մարզչի խոսքը մեջբերում է Ekstra Bladet-ը: