Ղրիմը համարվում է ռուսական տարածք և այդպիսին կլինի նաև ապագայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, ով այցով Մոսկվայում է: «Այժմ Ղրիմը ռուսական է: Այո, իմ կարծիքով, այդպես էլ կլինի... Դա ռուսամետ դիրքորոշում չէ, դա պարզապես փաստի արձանագրում է»,- «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Բուրջանաձեն: Նրա խոսքով, որպեսզի նորմալանան ռուս-վրացական հարաբերությունները, վրացական իշխանությանն անհրաժեշտ է չվախենալ նրանից, որ իրենց կարող են անվան ռուսամետ:

 

 

«Իրոք, անհրաժեշտ է լինել վրացամետ և հասկանալ, որ Վրաստանի շահերից է բխում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Առանց երկխոսության, բանակցությունների, առանց դժվար խոսակցությունների, այդ թվում և ծանր, չի հաջողվի դուրս գալ այն փակուղուց, որի մեջ գտնվում են մեր հարաբերությունները»,- ավելացրել է Բուրջանաձեն: