Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքն հուլիսի 13-ի առավոտյան ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանան, ինչի հետևանքով 21 խաղաղ բնակիչներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա այն դեպքում, երբ երկու օր առաջ ուժի մեջ էր գտել զինադադարը:

 

Սանայի բնակիչներից մեկը նշել է, որ երեք հրթիռի ընկելու հետևանքով 15 տուն է ավերվել, զոհվել է 21 մարդ և վիրավորվել ևս 45-ը:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ անցած երկու օրվա ընթացքում Ադեն քաղաքում բախումների հետևանքով զոհվել է 66 մարդ: Տեղեկություններ կան, որ 30 հոուսիներ են զոհվել:

 

Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իմսայիլ ուլդ աշ Շեյխ Ահմադը կոչ է արել հակամարտող կողմերին հարգել զինադադարը:

 

Եմենում հուլիսի 11-ից ուժի մեջ էր մտել հինգ օր տևողությամբ զինադադարը, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնություն տրամադրել բնակիչներին:

 

Եմենում իրավիճակն առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների՝ Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:

 

Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային' խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: