wrestling.am  Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրերս հրապարակած հունահռոմեական ըմբիշների դասակարգման աղյուսակում մի քանի հայ ըմբիշներ են հայտնվել: Բաքվում կայացած Եվրոպական խաղերում արծաթե մեդալի արժանացած 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով վաղուց դասակարգման աղյուսակում տեղ չուներ, հայտնվել է շատ բարձր՝ 5-րդ հորիզոնականում: Այդ քաշային կարգում առաջատարը սերբ Դավոր Ստեպանեկն է: Հայ ըմբշներից դասակարգման աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, իսկ մեր մյուս գործող աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, 75 կգ քաշային կարգում շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում: Այս քաշային կարգի առաջատարը կորեացի Կիմ Հյոն Վուն, իսկ Կարապետ Չալյանը եզրափակում է լավագույն տասնյակը: Բաքվում բավական հաջող հանդես եկած Մաքսիմ Մանույանը 85 կգ քաշայինների դասակարգման ցուցակում բարձրացել է 7-րդ հորիզոնական: Այս քաշային կարգում առաջատարը ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեն է: 71 կգ քաշային կարգում 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ռաֆայել Ալեքսանյանը, իսկ առաջատարը՝ ադրբեջանցի Ռասուլ Չունաևն է: Ուժեղագույն 20 հունահռոմեական ըմբիշների մեջ տեղ են գտել նաև Եվրոպական ամառային առաջին խաղերի 59 կգ քաշային կարգի հաղթող, ռուսաստանցի Ստեփան Մարյանյանն (4) ու Ֆրանսիան ներկայացնող 66 կգ քաշային Արտակ Մարգարյանը (20). տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: