Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ մարդասիրական օգնության երկու օդանավեր է ուղարկել Եմենի մայրաքաղաք Սանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդանավերը տեղափոխել են 46 տոննա բեռ, որոնց մեջ ընդգրկված են տարբեր տեսակի մթերքներ, անհրաժեշտ պարագաներ:

 

 

Վերջին վեց տարիների ընթացքում նախարարությունը 5 մարդասիրական օգնություն է տրամադրել Եմենին:

 

 

Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:

 

 

Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային' խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: