Երևանի «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կառավարության շենքի առջև հանդիպում էին պահանջում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ՝ պարզաբանելու իրենց աշխպատավարձերի վճարման հետ կապված խնդիրները: Լրագրողների հետ զրույցում գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենք ցանկանում են հանդիպման ընթացքում ընդգծել, որ չեն պատրաստվում ստանալ աշխատավարձերը մաս-մաս:

 

«Մենք ուզում ենք միասին ստանալ աշխատավարձերը, բայց չենք կարող սպասել մինչև ամսվա վերջ՝ ինչպես կառավարության նիստում հայտարարել է Երվանդ Զախարյանը»,- ասաց Հարությունյանը:

 

Այնուհետև որոշ ժամանակ սպասելով նախարարին՝ նաիրիտցիները նշեցին՝ թեև դժգոհությանը՝ կառավարության շենքի առջև նստացույց չեն սկսի, այլ ամեն օր կհավաքվեն այստեղ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Միաժամանակ, հավաքվածներն ուղևորվեցին դեպի գործարան՝ աշխատավարձերի հետ կապված փաստաթղթերը ստորագրելու նպատակով: Նրանցից մի քանիսը դեռևս շարունակում են մնալ կառավարության շենքի մոտ: