Առաջիկա նախագահական ընտրությունները քանակապես մրցակցային են, քանի որ մի քանի թեկնածուներ են առաջադրվել, սակայն որակապես մրցակցային չեն: Այս մասին այսօր' փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով' թե ֆինանսական, թե վարչական ռեսուրսներով, թե իրեն աջակցող լրատվամիջոցներով Սերժ Սարգսյանը մի քանի անգամ գերազազանցում է մյուս թեկնածուներին: Փորձագետը նշեց նաեւ, որ նախագահի մի քանի թեկնածուներ ինչքան էլ մամուլի ակումբներում ասուլիսներ տան, արդյունքի չեն հասնի:

Հացադուլները եւս, ըստ Բադալյանի, մի քանի օր են ուշադրություն սեւեռում թեկնածուի վրա: Արմեն Բադալյանը նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ, հասարակությունը անտարբեր է, ինչը նպաստել է նաեւ արտագաղթի ավելացմանը: «Ինքս գիտեմ մարդկանց, որ նախորդ ընտրություններում վստահված անձինք են եղել, բայց այսօր արդեն Հայաստանում չեն»,- ավելացրեց Արմեն Բադալյանը: