ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության մեծացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի հետ կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը: «Հայ դատի գրասենյակը շարունակելու է ճնշումներ գործադրել, որպեսզի շարունակվի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնությունը: Կոչ է արվում ֆինանսական օժանդակություն հատկացնել նաև Հայաստան գաղթած և այդտեղ հաստատված սիրիահայերին' նրանց վերաբնակեցման համար»,- ասաց Չուլջյանը:

 

Հուլիսի 10-ին ԱՄՆ Սենատի հատկացումների ենթահանձնաժողովը, քննարկելով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության հարցը, առաջարկել էր 2016 թվականի ֆինանսական տարում ընդլայնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը հակամարտության հետևանքով տուժած անձանց օգնելու և առաջացած կարիքները հոգալու համար: Հայաստանի մասով առաջարկվել էր հատկացնել 20 մլն 60 հազար դոլարի տնտեսական օգնություն և 1 մլն 700 հազար դոլարի ռազմական օգնություն, ինչպես նաև 600 հազար դոլար Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման ծրագրի համար: ՀայաստանÕ « համար առաջարկված 20 մլն 60 հազար դոլարի օգնությունը 10 տոկոսով ավելի է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած օգնությունից:

 

Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովը, քննելով արտաքին օգնության հարցը, լռելյայն համաձայնություն էր հայտնել հայկական հատկացումների վերաբերյալ:

 

Չուլջյանի խոսքով' առաջին անգամ չէ, որ ԱՄՆ Կոնգրեսի պալատներից մեկը լռություն է պահպանում հայկական հատկացումների մասով: «Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր հանձնաժողովի ներկայացրած բանաձևը քննարկվի երկու պալատների լիագումար նիստում, իսկ տարբերությունները պետք է հարթվեն: Սովորաբար գերադասվում է այն պալատի առաջարկը, որը հստակ դիրքորոշում ունի հարցի շուրջ: Մյուս տարբերակն այն է, որ բանաձևերից ոչ մեկը չի քննարկվի, այլ կընդունվի ընդհանուր մեկ միասնական փաստաթուղթ»,- բացատրեց նա' տեղեկացնելով, որ վերջնական որոշումը պետք Õ § կայացված լինի մինչև հոկտեմբեր: