Ֆիլիպիններում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով մոտ երեք հազար մարդ է տարհանվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է «Ֆրանս Պրես»-ը: Տեղեկություն է տարածվել նաև չորս զոհերի մասին: Գործակալության տվյալներով, Ֆիլիպինյան կղզիների հյուսիսային շրջանում հորդառատ անձրևները շարունակվում են արդեն մի քանի օր: Սողանքի մեկ դեպք է արձանագրվել, մի շարք ճանապարհներ հեղեղվել են:

 

 

Տեղական օդերևութաբանական կայանները հայտնում են, որ մուսսոնային անձրևները, որոնք կարող են հանգեցնել սողանքների և ջրհեղեղների, շարունակվվելու են:

 

 

Ֆիլիպիններում անձրևային շրջանն սկսվում է ամեն տարվա հունիսին և շարունակվում է մինչև դեկտեմբեր: Այդ ընթացքում այստեղ գրանցվում է մոտ 20 փոթորիկ: Երկրի պատմության մեջ ամենակործանարարը եղել է 2013թ. գրանցված աղետը, որի հետևանքով անհետ կորած և զոհված ֆիլիպինցների թիվը հասավ ութ հազարի: Փոթորիկի հետևանքով ավերվեցին 1,1 մլն տներ, չորս մլն մարդ մնաց առանց կացարանի: