ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Գեղարքունիքի մարզում հուլիսի 18-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառները։ Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Նախնական տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա.Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի ոչ թույլատրելի հատվածից դուրս է եկել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.6կմ հատված և դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել Իջևան ընթացող, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ.Պողոսյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենային և վթարի ենթարկվել:

 

Ավտովթարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել երկու ավտոմեքենաների ուղևորները, ովքեր նախ բուժօգնության են դիմել «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ, ապա՝ «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Անի Երանյանը և նրա երկու ուղևորները, բուժօգնություն ստանալու համար, տեղափոխվել են Երևան քաղաքի «էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ Գագիկ Պողոսյանը և վերջինիս ուղևոր Մարինե Կարապետյանը բուժօգնության համար դիմել են Երևան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոց:

 

Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի