Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին շվեյցարահայ գործարար Վարտան Սերմակիսի հետ այցելել է Մարտակերտի շրջան և ծանոթացել տնտեսական մի շարք խոշոր ծրագրերի ընթացքին: Թրղի գետի վրա կառուցված և վերջին օրերին գործարկված «Թրղի-3» 5 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ-ի պայմաններին ծանոթանալով՝ վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ:

 

«Այս նոր փոքր ՀԷԿ-ը կհամարեի մեր հերթական ձեռքբերումն Արցախի էներգետիկ ինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին: Ողջունելի է, որ մասնավոր հատվածը մեծապես ընդգրկված է այդ ռազմավարական գործում: Դրա վառ օրինակը Վարտան Սերմակիսի նշանակալի մասնակցությունն է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Մատաղիսում գործող սև խավիարի արտադրամաս, որը հիմնվել է շվեյցարահայ գործարարի ներդրումով: Ընկերության պատասխանատուները վարչապետին ու սեփականատիրոջն են ներկայացրել կատարված աշխատանքը և հետագա ծրագրերը: Ըստ նրանց՝ շաբաթներ առաջ տեղադրվել է առաջին ձկնկիթը, մոտ 3 տարի անց վաճառքի կհանվեն ձկան, իսկ 5 տարի հետո սև խավիարի առաջին խմբաքանակները: «Կառավարության ուշադրությունը սևեռված է առաջնահերթորեն սահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա: Դրա ապացույցներից մեկն այս հավակնոտ ծրագիրն է, որը ո չ միայն ապահովելու է բազմաթիվ աշխատատեղեր հատկապես շրջակա գյուղերի բնակիչների համար, այլ նաև դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը: Մենք միշտ պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել նմանատիպ ձեռնարկումներին, առավել ևս, որ այն օտարերկրյա ներդրման արդյունք է»,- շեշտադրել է վարչապետը:

 

Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև սահմանամերձ Թալիշի դաշտերում, որտեղ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամն արդի տեխնոլոգիաներով մշակում է գարնանացան մի շարք կուլտուրաներ: Վարչապետը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ տեղում քննարկել է հիմնադրամի ծրագրի ընթացքին վերաբերող որոշ հարցեր՝ տալով համապատասխան հանձնարարականներ դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ: