ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Էնդրիուն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստան և Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ և նշել, որ դրա շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Աջեյ Կասպշիկը:

 

 

«Երևան և Բաքու կատարած այցի ընթացքում մենք ընդգծել ենք բարձր մակարդակի վերջին հանդիպումները և նախագահներից յուրաքանչյուրի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ առաջարկությունները: Մենք ողջունել ենք նախագահների' ավելի ուշ' այս տարվա ընթացքում հանդիպելու հանձնառությունը, և նրանք հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին' շարունակել աշխատանքը համանախագահների հետ նախագահական գագաթնաժողովի օրակարգի շուրջ: Մենք նաև ողջունել ենք շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանի հարաբերական կայունությունը, ինչը վերջին մի քանի ամիսների ընթացքում համընկավ երկու երկրներում անցկացված խոշոր իրադարձությունների հետ:

 

 

Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք վերջին շրջանում լարվածության աճով և կոչ ենք արել նախագահներին' զերծ մնալ բռնության մահացու սրացումից և ձեռնարկել բոլոր միջոցները' հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու համար:

 

 

Նախագահները կրկնել են անհայտ կորածների տվյալների փոխանակման շուրջ իրենց հանձնառությունը' Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

Համանախագահները մեկնել են Վիեննա' ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին տեղեկատվություն փոխանցելու նպատակով: