«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հուլիսի 23-ի երեկոյան վարել են հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարավ - արեւելքի իրավիճակը եւ Մինսկի համաձայնությունների կատարումը, հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ղեկավարները հավանություն են տվել շփման գծից տանկերի, մինչեւ 100 միլիմետր տրամաչափի թնդանոթների եւ ականանետերի հետքաշման շուրջը համաձայնագրի ստորագրման՝ Պոոշենկոյի նախաձեռնությանը: Համաձայնագիրը պետք Է «անվերապահորեն» ստորագրվի Եռակողմ շփման խմբի շրջանակներում:

 

«Զրուցակիցները պայմանավորվել են արագացնել համաձայնագրի կնքումն Ուկրաինային ռուսաստանյան գազի մատակարարումների շուրջն Ուկրաինա-Եվրամիություն-Ռուսաստան ձեւաչափով»:

 

Ուկրաինայի նախագահը հավաստել Է, ռր Դոնբասում ռազմական իրադրությունը վատթարացել Է, քանի որ մեծացել Է «գրոհայինների կողմից» գնդակոծումների քանակը:

 

Իր հերթին Վլադիմիր Պուտինն ընդգծել Է, որ Կիեւի իշխանությունները պետք Է լիարժեք երկխոսություն հաստատեն Դոնբասի ներկայացուցիչների հետ: Նրա կարծիքով՝ առանց դրա անհնար Է «ներուկրաինական ճգնաժամի համապարփակ կայուն կարգավորումը»: Բացի դրանից, Պուտինն ուկրաինական կողմին կոչ Է արել օրենսդրական մակարդակում ամրագրելու ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքների հատուկ կարգավիճակը:

 

«Նորմանդական քառյակի» ղեկավարները վերստին հավաստել են ԵԱՀԿ-ի մոնիտորինգային հատուկ պատվիրակության վերահսկողության ներքո հրադադարի ռեժիմի խստիվ կատարման եւ ապառազմականացված գոտիների ստեղծման կարեւորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: