Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի ունեցող Եվրպայի առաջնությունում այսօր՝ հուլիսի 23-ին, մրցելույթներն է սկսել Հայաստանի ուժեղագույն հրաձիգ Հրաչ Բաբայանը: 50մ, հրացան 3 դիրքից, 3X40 կրակոց երիտասարդների վարժությունում Հրաչ Բաբայանը խոցել է 1148 միավոր և 48 մրցակցից, տեղ գտնելով 6-րդ հորիզոնականում, անցել է եզրաջակիչ փուլ:

Եզրափակչում Հրաչին հաջողվել է բարելավել դիրքերը, սակայն, շատ մոտ լինելով մեդալներին, գրավել է 4-րդ տեղը: Հրաչն իրեն ավելի լավ է դրսևորում օդամղիչ վարժությունում, սակայն ակնհայտ առաջնթաց է նկատվում նաև փոքր տրամաչափի վարժություններում: Հրաչ Բաբայանը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Նույն օրը 50մ, հրացան պառկած դիրքից, 60 կրակոց կանանց վարժությունում Իրինա Լաուերը 63 մրցակցուհուց 601,1միավորով գրավել է 56-րդ տեղը:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 46 երկրի շուրջ 1000 մարզիկ: Մեծահասակների պայքարում խաղարկվում է Ռիո 2016-ի 21 օլիմպիական վարկանիշ: 19-ամյա Հրաչ Բաբայանն ու 16-ամյա Զավեն Իգիթյանն կմասնակցեն երիտասարդների պայքարին: