Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Կրասնոդարի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը: Խաղի միակ գոլը խփել էր հենց հայ հարձակվողը:

«Գոլս չտոնեցի, որովհետև խփեցի «Կրասնոդարին»: Այն յուրահատուկ տեղ է ինձ համար, կարելի է ասել երկրորդ տունս է: Հանդերձարանում նրանք ինձ հաջողություն մաղթեցին՝ նոր մրցաշրջանում»:

Խոսելով իր մարզումների մասին, հարձակվողն ասել է.

«Այո, մարզումներից հետո շարունակում եմ անհատական մարզումներս: Գրեթե մեկ տարի բաց եմ թողել՝ վնասվածքի պատճառով քիչ եմ խաղացել: Պետք է ավելի շատ աշխատեմ, որպեսզի հաստատվեմ «Սպարտակի» հիմնական կազմում»:

Մովսիսյանը խոսել է նաև թիմի մարզիչ Դմիտրի Ալենիչևի մասին.

Ալենիչևի հետ ավելի շատ եմ շփվում, քան՝ Յակինի: Յակինի հասցեին ոչ մի վատ բան ասել չեմ կարող: Հասկանում եմ, սակայն, որ Ալենիչևի հետ թիմ է վերադարձել սպարտակյան ոգին: Թիմում սկսվել են փոփոխությունները»: