Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա, պայթեցվել է երկրի հարավարևելյան քրդաբնակ Շըրնաք նահանգում:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլմազը:

 

 

Յըլդըզի խոսքով' Թուրքիայի էներգետիկայի օբյեկտներում իրագործված այդ և նախկին ահաբեկչական գործողությունները ցույց են տալիս, որ ահաբեկիչները փորձում են ապակայութնացնել երկրում իրավիճակը:

 

 

Հուլիսի 27-ին Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում պայթեցվել էր Մասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարը: Այդ խողովակաշարով գազի հոսքը դեռևս չի վերականգնվել:

 

 

Թուրքիայում իրադրությունը վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ լարվել է Սիրիայի հետ սահմանակից Սուրուջում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կազմակերպված հզոր պայթյունից հետո, որի հետևանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր: Բացի այդ, հուլիսի 23-ին Ուրֆայի արվարձաններից մեկում բնակարանում սպանված էին գտնվել թուրքական ոստիկանության երկու աշխատակիցների, որոնք կասկածվում էին ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ: Երկու օր առաջ սպանվել էր նաև Էրզրումի նահանգի ժանդարմերիայի պետը, ում հրամանով իրավապահները հակաքրդական գործողություններ էին անցկացնում Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում:

 

 

Այդ իրադարձություններից հետո Թուրքիայի օդուժը ԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ սկսել է ռմբահարել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական ճամբարները: Ինչպես երևում է' Թուրքիա հոսող նավթի և գազի խողովակաշարերի պայթեցումները քրդերի վրեժխնդրության հետևանք են: