Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի նորաբաց բժշկական կենտրոնում արդեն երկու տղա և մեկ աղջիկ է լույս աշխարհ եկել։ Նրանց մայրիկների երջանկությանը գումարվել է նաև արտակարգ պայմաններում, ամենաժամանակակից սարքավորումներով ու հնարավորություններով հագեցած կենտրոնում բժշկական օգնություն ստանալու ուրախությունը։

 

 

Հիվանդանոցի բացումից հետո անցած չորս օրվա ընթացքում տարբեր բաժանմունքներում 25 հիվանդ է ընդունվել։ Վիրաբուժական բաժանմունքի բոլոր 5 հիվանդները հոսպիտալացվել են զանազան կոտրվածքներով։ Թերապևտիկ բաժանմունքում այսօր բուժում է ստանում 8 հիվանդ' սուր կոնորար սինդրոմ, թոքաբորբ, քրոնիկ երիկամային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա և այլ ախտարոշումներով։ Իսկ մանկական բաժանմունքում բուժում է ստանում 3 փոքրիկ' սուր շնչառական հիվանդություն, սուր ստենոզոլարինգոտրախեիդ (կեղծ կրուպ) և բրոնխիտ ախտորոշումներով։

 

 

Բոլոր հիվանդներն անցել են անհրաժեշտ հետազոտությունները։ Բերդի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ ինչպես ռենտգեն, սոնոգրաֆիական և արդիական մյուս սարքավորումները, այնպես էլ լաբորատորիան ամբողջ ծավալով օգտագործվում են։ Այս պահի դրությամբ ծանր հիվանդներ չկան։