fcalashkert.am  Ավարտելով ելույթները ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման փուլերում՝ «Ալաշկերտը» վերջին շաբաթը մարզումներ է անցկացնում «Նաիրի» մարզադաշտում՝ նախապատրաստվելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը' միևնույն ժամանակ համալրելով կազմը:

«Ալաշկերտում» հանդես կգան Դավիթ Մինասյանը, Արամ և Հակոբ Լոռեցյան եղբայրները, Գրիգոր Հովհաննիսյանն ու Վարդան Բակալյանը:

Ակումբի հետ պայմանագրեր են ստորագրել նաև մեծ թվով ֆուտբոլիստներ, ովքեր հանդես կգան «Ալաշկերտ-2»-ում: Դրանց թվում են նաև «Ալաշկերտ-97» պատանեկան թիմի ֆուտբոլիստներ Էդգար Բարսեղյանը, Արմեն Դավիդյանը, Լիպարիտ Դաշտոյանը, Վլադիմիր Մկոյանը: Զինվորական ծառայությունից հետո հայրենի ակումբ է վերադարձել Արտուշ Քերոբյանը: «Ալաշկերտ» են վերադարձել նաև Գարեգին Մաշումյանը, Անդրանիկ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

Երկկողմ համաձայնությամբ ակումբի հետ պայմանագիրը խզել է Գևորգ Կարապետյանը, ով «Ալաշկերտին» անդամագրվել էր հատուկ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղերին մասնակցելու համար: