Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներն անցյալ գիշեր Կարս-Էրզրում-Իգդիր մայրուղու վրա գրավել են 70 ուղևորներով Նախիջևան մեկնող ավտոբուսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ANS PRESS-ին հայտնել է ուսանող Սանան Մուսաևը, որը սովորում է Թուրքիայում: Նրա խոսքով' ավտոբուսի 70 ուղևորից 30-ն ադրբեջանցիներ են եղել:

 

 

«Մարտիկներն ուղևորներին բաց են թողել' վերցնելով անձնագրերը: Առանց փաստաթղթերի մարդիկ չեն կարող վերադառնալ Ադրբեջան»,- ասել է Մուսաևը:

 

 

Նրա խոսքով' PKK-ի մարտիկներն ուղևորներին 5 ժամ պահելուց հետո ազատ են արձակել, որից հետո ավտոբուսը գլորել են ձորը:

 

 

Թուրքական IHA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Նախիջևան մեկնող ավտոբուսը գրավելուց հետո, PKK-ի մարտիկները նույն շրջանում հրդեհել և վերացրել են երեք խոշոր բեռնատարներ: Թուրքական ոստիկանությունը և ժանդարմերիան ներկա պահին ուժեղացնում են այն շրջանում անվտանգության միջոցառումները, որտեղ PKK-ն գրավել էր քաղաքացիական ավտոբուսը:

 

 

Հուլիսի 17-ին PKK-ի մարտիկները փակել էին Նախիջևանի և Թուրքիայի միջև անցակետ գնացող ճանապարհը: Այն ժամանակ նրանք ևս մեկ բեռնատար էին այրել: Ներկայում քուրդ մարտիկները պարբերաբար դիվերսիաներ են կատարում Կարս-Էրզրում-Իգդիր մայրուղու վրա:

 

 

Թուրքիայի զինված ուժերը PKK-ի դեմ ռազմական գործողությունները վերասկսել են Ուրֆայի Սուրուջ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, որի հետևանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էր վիրավորվել: Այդ ահաբեկչական գործողությունից հետո, ինչում քրդերը մեղադրում է են թուրքական կառավարությանը, PKK-ն հայտարարել է իր կողմից միակողմանիորեն հաստատված հրադադարը դադարեցնելու մասին և սկսել գործողություններ անցկացնել Թուրիքիայի ամբողջ տարածքում: