ՀՀ պետական բյուջեով իրականացվող շինարարական աշխատանքներն այլևս տարիներով չեն ձգձգվի: Պետական միջոցներով մեկնարկած ցանկացած շինարարական աշխատանք կարող է տևել առավելագույնը 3 տարի: Այս մասին օգոստոսի 1-ին Գյումրի կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն' անդրադառնալով Գյումրու ՀՀ ԳԱԱ Ա.Ն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի շինարարական աշխատանքներին:

 

 

1961 թվականին կառուցված և 1988 թվականի երկրաշարժի հետևանքով փլված կառույցը մինչ օրս իր աշխատանքներն իրականացնում էր տնակներում: 2006 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքները ձգձգվեցին՝ ֆինանսական ոչ ամբողջական հատկացումների պատճառով: Միայն 2014 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարի շրջանակներում հնարավոր եղավ ամբողջովին ավարտել շինարարությունը:

 

 

Եռահարկ, քարային կառույցի շինարարության համար հատկացված գումարը՝ այս ողջ ընթացքում՝ տարբեր տարիների բյուջեներից ընդհանուր կազմել է 890 մլն դրամ: «Համաձայն եմ' կառույցի շինարարությունը մեկնարկել է 2006 թվականին և շատ երկար է տևել, բայց կարևորն այն է, որ անցած տարի տրամադրվեց այնքան գումար, որքան անհրաժեշտ էր, և կազմակերպությունը բարձր որակով է շինարարությունն իրականացրել: Հիմա մեր պրակտիկայում նման բան չկա՝ ՀՀ պետական բյուջեով առավելագույնը շինարարությունը կարող է տևել 2-3 տարի: Սա նոր մոտեցում է և ռազմավարություն, կարծում եմ' այս կ առույցի շինարարության ձգձգման հիմնական պատճառը բյուջեի գումարի բացակայությունն էր»,-նշեց Նարեկ Սարգսյանը:

 

 

Շինարարությունն իրականցրել է «Մ. Սիսյական» ՍՊ ընկերությունը: