Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Կոտայքի մարզից սուր սննդային թունավորում ախտորոշմամբ 11 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն, 19-ը' «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը' Մասիսի բժշկական կենտրոններ: Նշենք, որ բոլորը մասնակցել են միևնույն միջոցառման:

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը և ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանն այցելել են բժշկական կենտրոններ, ծանոթացել հիվանդների առողջական վիճակին: Բժշկական հաստատություններում կատարվել են համաճարակաբանական բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու միջոցառումները: Հոսպիտալացված հիվանդների մեծ մասն առողջացումով դուրս է գրվել: Այս պահին բուժումը շարունակում է տասը հիվանդ' 5 -ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 5-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանց մոտ ևս առկա է դրական շարժընթաց: Հիվանդների առողջական վիճակը գտնվում է ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի անմիջական հսկողության ներքո:

 

Հաշվի առնելով հանրապետությունում շոգ կլիմայական պայմանները' ՀՀ առողջապահության նախարությունը կրկին հորդորում է բնակչությանը հետևել ճիշտ սննդակարգին, խուսափել ժամկետանց սնունդ օգտագործելուց, չսնվել պատահական վայրերում: