Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով մինչ երեք ամբաստանյալներից մեկի վերաբերյալ սպանության մեղադրանքից հրաժարվելը մեղադրող կողմը դատարանից ժամանակ էր խնդրել միջնորդություն ներկայացնելու համար: Ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, մի քանի նիստ հետաձգելով և դատավարությունը ձգձգելով՝ մեղադրող դատախազ Արթուր Երիցյանն, ի վերջո ներկայանալով, դիակի արտաշիրիմման միջնորդություն արեց: Այն դեպքում, երբ գործի դատաքննության փուլում դատավարական նման գործողության կարգ օրենքով նախատեսված չէ: Քրեական դատավարության օրենսգրքով՝ այն մինչդատական վարույթի նորմ է, որի վերաբերյալ քննիչն է որոշում կայացնում անհրաժեշտության դեպքում: Եվ հետևաբար, դատաքննության ընթացքում դատարանը արտաշիրիմում կատարելու իրավասություն չունի:

 

 

Բացի այդ, արտաշիրիմում չի կարող կատարվել առանց արտաշիրիմվողի մերձավոր ազգականների համաձայնության՝ բացառությամբ երկու դեպքերի. եթե քրեական գործով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մերձավոր ազգականներից թեկուզ մեկը մասնակցել կամ որևէ կերպ առնչվել է արտաշիրիմվողի մահվան հետ կապված դեպքին, և կամ հնարավոր չէ այլ կերպ պարզել դեպքի հանգամանքներն ու լուծել գործի ընթացքը:

 

 

Ի սկզբանե դատավորի հարցին՝ միջնորդությո՞ւն է ներկայացնում, թե՞ ակնկալում է նախ տուժողի մերձավոր ազգականների՝ տվյալ դեպքում հանգուցյալի քրոջ դիրքորոշումը լսել, դատախազը պատասխանեց, թե մինչև տուժողին լսելն ինքն արդեն ներկայացնում է իր միջնորդությունը:

 

 

«Չեմ թողնում, թողեք հանգիստ էն մարդուն ընդեղ, չեմ թողում և վերջ: Չեմ ուզում»,-միջնորդությանն առարկեց տուժողի իրավահաջորդ՝ հանգուցյալ Շարբաթյանի քույրը:

 

 

Տուժողի իրավահաջորդի՝ որպես հանգուցյալի մերձավոր ազգականի դիրքորոշում-առարկությունը հստակեցնելուց հետո էլ դատախազը շարունակեց պնդել արտաշիրիմման միջնորդությունը: «Պնդում եմ: Եթե դատարանը կմերժի, մի օր խնդրում եմ, որ իմ դիրքորոշումը՝ մեղադրանքի հետ կապված, հայտնեմ, իսկ եթե կբավարարի, այդ ժամանակ արդեն կասեմ: Սա տակտիկական քայլ է, ես չեմ ուզում ասել, թե ինչ նպատակով, բոլորիս հասկանալի է՝ դատաբժշկական փորձաքննություն պետք է կատարվի, և բոլորիս հասկանալի է, թե ինչ նպատակով»:

 

 

Դատավորը, վկայակոչելով օրենքը, հիշեցրեց, որ 2 բացառիկ դեպք է նախատեսվում, որոնց դեպքում միայն կարելի է արտաշիրիմում կատարել մերձավոր ազգականների համաձայնության բացակայությամբ: Եվ խնդրեց մեղադրողից պարզաբանել՝ այդ հիմքերից որն է առկա տվյալ պարագայում:

 

 

«Ես իմ միջնորդությունը կապում եմ տուժողի կարծիքի հետ: Այն հանգամանքները, որոնք թվարկված են արտաշիրմումի հոդվածում, դրանց մասին չէ խոսքը՝ փաստական հանգամանքներ ճշտելու: Պաշտպանական կողմն ասում է, որ լսելով տուժողի կարծիքը, շարունակում է պնդել, այո, ես պնդում եմ, որ միջնորդություն ներկայացնում եմ: Դատարանը կլսի կարծիքը, կզգա, որ տուժողը համաձայն չէ, ես միայն տուժողի կարծիքի հետ եմ կապում արտաշիրիմման գործողությունը, եթե որոշում կայացնի մերժելու, ես որևէ բան չեմ ասի, որովհետև փաստական հանգամանքի հետ չեմ կապում, միայն տուժողի համաձայնության: Եթե տուժող կողմը առարկի, դատարանը մերժի միջնորդությունը, խնդիրը սա է, որ կապում եմ միայն տուժողի համաձայնության հետ: Ոչ մասնակցության խնդիր ունենք, ոչ էլ որևէ փաստական հանգամանքի հետ կապված, սա է»,-տուժողի առարկությունը մի քանի անգամ լսելուց հետո էլ իրեն հակասելով՝ պնդեց մեղադրողը:

 

 

Դատարանը մերժեց դիակի արտաշիրիմում կատարելու՝ դատախազի չհիմնավորված միջնորդությունը՝ ելնելով վերոնշյալ՝ տուժողի իրավահաջորդի առարկության, դատաքննության փուլում օրենսդրի կողմից արտաշիրիմման գործողության կարգ նախատեսված չլինելու, և հատկապես այն հանգամանքից, որ օրենքով սահմանված կարգով՝ միջնորդություն հարուցող անձը դատաքննության ավարտին պարտավոր է մատնանշել, թե հատկապես ինչ հանգամանքներ պարզելու համար է անհրաժեշտ նման միջնորդությունը, մինչդեռ, ինչպես դատավորն ընդգծեց, ի պատասխան, մեղադրողը հնչեցրեց միայն, որ «տակտիկական քայլերից ելնելով՝ չի ցանկանում բացահայտել միջնորդության բավարարման հետ կապված ակնկալիքները»:

 

 

Թե ինչ նպատակով էր դատախազը հարուցել իր՝ որևէ կերպ չհիմնավորվող միջնորդությունը, պարզվեց հաջորդ դատական նիստին՝ նույն դատախազի կողմից ամբաստանյալներից Արեն Վերանյանի վերաբերյալ սպանության մեղադրանքից հրաժարվելուց հետո՝ մեղադրող և տուժող կողմերի բացահայտմամբ:

 

 

«Դռան հետևից լսում էինք, որ տուժողի իրավահաջորդն ասում էր՝ դատախազն իրեն ասել ա՝ այ եթե դու թողայիր մենք արտաշիրիմում անեինք, մի կոտրվածք, մի բան կգտնեինք, Արենն էլ չէր դուրս գա»,-բարձրաձայնեց ամբաստանյալ Սամվել Դիլոյանը, ինչը մի քանի անգամ դատախազին առերես պնդեց ու հաստատեց նաև հանգուցյալի քույրը:

 

 

Դատաքննության ավարտին դատախազի՝ արտաշիրիմման «անհասկանալի» միջնորդությանն անդրադարձավ նաև Սամվել Դիլոյանը: «էդ ինչ բլեֆ էր էդ արտաշիրիմումը, պարո՛ն Երիցյան: Դեռևս ութ թե ինը ամիս առաջ, որ դուք երրորդ հանձնաժողովային փորձաքննությունը էստեղ նշանակում էիք, դուք, նայելով իմ աչքերին, ասացիք, որ որպեսզի արտաշիրիմման կարիք չլինի, էս երրորդն եք նշանակում, ես էլ ձեզ ասացի՝ ինչ ա նշակում՝ կարիք չլինի, ինչի կարիք կա՝ արեք: Մենք բազա՞ր ենք էստեղ անում, դուք ինչի՞ վրա եք բազար անում: Ես ձեզ էդ ժամանակ էլ՝ ինը ամիս առաջ հորդորեցի, ոնց թե էսինչը որպեսզի չանենք… Զլանո՞ւմ եք աշխատեք: Մենք չենք զլանում, համբերատար, օրինապաշտ կերպով նստած ենք, մենք էլ սպասում ենք, որ արդարությունը վերականգնվի: Ես ձեր աչքերին նայելով՝ ասացի՝ ի՞նչ ա նշանակում արտաշիրիմում որպեսզի չանեք, երրորդ հանձնաժողովային եք նշանակում: Ինչ կա անելու՝ արեք, մենք արդար ենք, մենք վստահ ենք, որ մենք արդար ենք: Թե՞ որ դռան հետևից լսում ենք, որ տուժողի իրավահաջորդը ասում էր, որ դատախազը իրեն ասել ա՝ այ եթե դու թողայիր, էսօրվա մասին ա խոսքը, մենք արտաշիրիմում անեինք, մի կոտրվածք, մի բան կանեինք, Արենն էլ չէր դուրս գա: Թե՞ դրա մասին ա խոսքը: Սա ի՞նչ բանսարակություն ա»: