Հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր, հայկական աթլետիկայի լեգենդար մարզիկ Ռոբերտ Էմմիյանը Համահայկական խաղերն իսկական տոն է համարում սփյուռքի հայ մասնակիցների համար: «Համահայկական խաղերը, այն էլ այս տարում, չափից ավելի կարևոր են: Լինելով երկար տարիներ արտասահմանում՝ ես շատ լավ գիտակցում եմ և տեսել եմ, թե ինչպես են հայ երիտասարդները, հայկական կազմակերպությունները նախապատրաստվել այս հրաշալի միջոցառմանը: Բոլորի համար այս խաղերն իսկական ուրախություն են: Վստահ եմ՝ ովքեր գալիս են, ականատես են լինելու լավ կազմակերպված խաղերի: Հպարտ եմ նաև նրա համար, որ ոչ մեկ անտեսված չէ: Նմանատիպ համաշխարհային, համահայկական գործն, իհարկե, գնահատելի է: Այս ամենը մեծ ուժ է' հայությունը համախմբելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էմմիյանը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերն անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին' ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա,թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը' լողափնյա վոլեյբոլ,սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերն, իսկապես, աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկների քանակով, որը գերազանցում է 6350-ը: