ՀՀ կառավարությունը հաստատել է զբոսաշրջային ավտոբուսների հավաստագրման կարգը։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հուլիսի 30-ին կայացած նիստում։

 

Հավաստագրման չափանիշներն են՝ 14-18 եւ ավելի տեղ ունեցող ավտոբուսների համար նստատեղի լայնությունը պետք է լինի համապատասխանաբար 40 եւ 43 սմ։ Իսկ դրանց միջեւ հեռավորությունը՝ 70 եւ 72 սմ, շարքերի միջեւ հեռավորությունը՝ 60 եւ 55 սմ։

 

Ավտոբուսը պարտադիր պետք է ունենա բավարար արտաքին տեսք, սանհանգույց եւ լվացարան, իսկ սառնարանը պարտադիր է բոլոր ավտոբուսներում։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին ի պատասխան զբոսաշրջային ընկերություններից մեկի տնօրենՀարություն Կարագյանն ասաց, որ ներկայումս զբոսաշրջիկներին սպասարկող ավտոբուսների 90 տոկոսը չի համապատասխանում կառավարության սահմանած չափանիշներին: Նկատում է, որ մեր երկրում պարզապես գոյություն չունեն այնպիսի ավտոբուսներ, որ համապատասխանեն պահանջվող չափանիշներին:

 

Մեկ այլ զբոսաշրջային ընկերության տնօրեն Վահե Լորենցն էլ կարծում է, որ այս կարգն ընդունվել է ոչ թե զբոսաշրջիկների հարմարության համար, այլ՝ ուրիշ նպատակով:

 

«Շուտով հասկանալի կդառնա, թե ում է ձեռնտու հավաստագրման այս նոր կարգը: Գուցե որևիցե մեկը պատրաստվում է նման մեքենաներ ներկրել և շուկայում իրացնելու խնդիր ունի, կամ արդեն իսկ կան այդ մեքենաները և ռեալիզացման խնդիր կա, բայց բոլոր դեպքերում գոյություն ունի նեղ անձնական կամ խմբային շահ, որը գերադասվում է ընդհանուրից: Ոլորտը կգնա դեպի մոնոպոլիզացիա, և տուրիստական փոքր ու միջին ընկերությունները հաստատ վնասներ կկրեն»,- ասաց Վահե Լորենցը:

 

Ասուլիսի բանախոսները վստահ են՝ այսօր կամավոր բնույթ կրող հավաստագրման կարգը մյուս տարի կդառնա պարտադիր, և, եթե անգամ չդառնա պարտադիր էլ՝ այն ընկերությունները, որոնք իրենց մարկետինգում կօգտագործեն «հավաստագրված փոխադրամիջոց» արտահայտությունը, ապա արտասահմանյան ընկերությունները նախապատվությունը կտան այդ ընկերություններին:

 

«Այստեղ գործ ունենք ստվերային շահառուների հետ: Ովքեր են շահագրգռված հենց դրանում՝ մոտ ապագայում տեսանելի կլինի, թե որ ընկերություններն ունեն նման մեքենաներ, կամ ով է ներկրում այդ մեքենաները: Եթե սրա դեմը չառնենք՝ հետո ուշ կլինի»- ասաց Վահե Լորենցը: