Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով երեք տարվա քննության ավարտին սպանության մեջ երեք մեղադրվողներից Արեն Վերանյանի նկատմամբ մեղադրանքից հրաժարվելուց առաջ մեղադրող դատախազը դիակի արտաշիրիմում կատարելու միջնորդություն արեց, ինչն առնվազն զարմանալի էր գործի քննության այս փուլում, քանի որ դատաքննության ընթացքում դատավարական նման գործողության կարգ օրենքով նախատեսված չէ:

 

 

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ այն մինչդատական վարույթի նորմ է, որի վերաբերյալ քննիչն է որոշում կայացնում անհրաժեշտության դեպքում, և դատարանը արտաշիրիմում կատարելու իրավասություն չունի: Բացի այդ, մեղադրող դատախազը նաև որևէ կերպ չհիմնավորեց, թե ինչու է այն անհրաժեշտ գործի ընթացքը լուծելու համար: Այն դեպքում, երբ նույն մեղադրանքի կողմի միջնորդությամբ գործով նշանակվել են երեք դատաբժշկական փորձաքննություններ, ընդ որում, ինչպես դատարանում մեղադրողն է հայտարարել, հատկապես վերջինը՝ լրացուցիչ հանձնաժողովայինը, նպատակ է ունեցել սպառելու մեղադրանքի բոլոր հարցերը՝ արտաշիրիմման այլևս չանդրադառնալու համար:

 

 

Բայց հակառակ սրան՝ գլխավոր դատախազության ՀԿԳ դատախազ Արթուր Երիցյանը երեք փորձաքննություններից հետո էլ նորից արտաշիրիմման միջնորդություն հարուցեց: Դատախազն այն պայմանավորում էր միայն տուժողի իրավահաջորդի՝ հանգուցյալի քրոջ համաձայնությամբ: Վերջինիս կողմից միջնորդությանը մի քանի անգամ առարկելուց հետո էլ, երբ օրենքը մատնանշելով, դատախազին բացատրվեց, որ առանց տուժողի իրավահաջորդի համաձայնության չի կարող նման գործողություն իրականացվել, նա, միևնույնն է, շարունակեց պնդել և ներկայացրեց իր չհիմնավորված միջնորդությունը:

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, դատարանը մերժեց այն՝ ելնելով վերոնշյալ՝ տուժողի իրավահաջորդի առարկության, դատաքննության փուլում օրենսդրի կողմից արտաշիրիմման գործողության կարգ նախատեսված չլինելու, և հատկապես այն հանգամանքից, որ օրենքով սահմանված կարգով՝ միջնորդություն հարուցող անձը դատաքննության ավարտին պարտավոր է մատնանշել, թե հատկապես ինչ հանգամանքներ պարզելու համար է անհրաժեշտ նման միջնորդությունը, մինչդեռ, ի պատասխան, մեղադրողը հնչեցրեց միայն, որ «տակտիկական քայլերից ելնելով՝ չի ցանկանում բացահայտել միջնորդության բավարարման հետ կապված ակնկալիքները»: «Սա տակտիկական քայլ է, ես չեմ ուզում ասել, թե ինչ նպատակով, հասկանալի է՝ դատաբժշկական փորձաքննություն պետք է կատարվի»,-ասում էր միայն դատախազ Երիցյանը:

 

 

Թե ինչ «տակտիկական» նպատակով էր երեք կատարված փորձաքննություննից հետո նոր փորձաքննություն ուզում իրականացնել մեղադրող դատախազը, վերջին մի քանի դատական նիստերում շարունակաբար բարձրաձայնում է հանգուցյալի քույրը՝ նույն դատախազի կողմից ամբաստանյալներից Արեն Վերանյանի վերաբերյալ սպանության մեղադրանքից հրաժարվելուց հետո: Հանգուցյալի քույրը հայտարարություններ է անում այն մասին, թե ինչպես է գլխավոր դատախազության ներկայացուցիչը փորձել իրեն «գործարքի» մեջ ներքաշել:

 

 

«Դատախազը տուժողի իրավահաջորդին ասել է՝ այ եթե դու թողայիր մենք արտաշիրիմում անեինք, մի կոտրվածք, մի բան կգտնեինք, Արենն էլ չէր դուրս գա».-արտահայտությունը դատախազ Երիցյանն իհարկե փորձ արեց հերքել, բայց հանգուցյալի քույրը բառացի վերարտադրեց իր և դատախազի խոսակցությունը, որին, ի դեպ, դատախազ Երիցյանից և գործով մյուս երկու մեղադրողներից բացի ներկա են եղել նաև դատարանի բակում հավաքված քաղաքացիներ, որոնք միաձայն հաստատեցին Հասմիկ Մանուչարյանի խոսքերը:

 

 

«Հարգելի պետություն ներկայացնող պաշտոնյա պարո՛ն Երիցյան, ես երբեք սուտ չեմ խոսում, մանավանդ երբ որ խոսքը վերաբերում է եղբորս: Ես մոտեցա Ձեզ, կրկնում եմ իմ բառերը, ասի՝ պարո՛ն Երիցյան, եթե ես չհրաժարվեի արտաշիրիմումից, Դուք էլի՞ կարդալու էիք այս որոշումը (ամբաստանյալներից մեկի նկատմամբ մեղադրանքից հրաժարվելու), Դուք ասացիք՝ Դուք կոտրեցիք իմ վերջին շանսը, այսինքն՝ եթե դուք գնայիք արտաշիրիմումի: Ես էլ ասեցի՝ պարոն Երիցյան, ընդհատեցի էդտեղ, Դուք բժշկությունից չեք հասկանում, արդեն ընդեղ չկա հյուսվածք, ընդեղ չկա արյունահավաք, ի՞նչ արտաշիրիմում: Ու Դուք ասեցիք՝ ինձ դրանք պետք չեն, ես կհիմնվեի կոտրվածքի վրա, կգտնեի մի կոտրվածք, և դա կլիներ իմ հիմնավոր պատճառը՝ դատավարությունը շարունակելու և մեղադրանքը շարունակելու համար: Հատ-հատ կրկնում եմ: Էստեղ դահլիճում արդեն, երբ որ ես նորից Ձեզ ասեցի, հիշո՞ւմ եք ինչ ասեցիք՝ տիկին, Դուք տառապում եք հանրության առաջ ելույթ ունենալու մոլուցքից: Ուրեմն ասեմ՝ ես տառապում եմ արդեն իսկ ձեր կեղծիքների մուլուցքից: Մինչև էդ դատը ես նենց վստահել եմ Ձեզ, հենց Դուք եկել եք, ասել եմ՝ էսօրվա դատը հանգիստ կլինի, արդար կլինի, բայց ես արդեն ատում եմ Ձեր օրենքները, ես չեմ հավատում Ձեզ: Արդեն պարզ են ձեր կեղծիքները: Թույլ չեմ տա, որ իմ եղբոր գերեզմանի անունի տակ ինչ-որ մի դրսում մեծավոր կամ գողական մուռ ունենա ու օգտագործի գերեզմանը՝ էս տղաներին իմ շողքի տակ պահելու էստեղ: Ես չէի գնա արտաշիրիմումի, որ մի տաս ամիս նորից երկարեր: Բացառում եմ ու կրկնում եմ՝ լավ եմ արել, հրաժարվել եմ, թույլ չեմ տա կեղտոտել իմ գերեզմանը և թույլ էլ չեմ տա այլևս ախպորս անունը էստեղ շոշափվի, փակե՛ք էս դատը:

 

 

Այն որ մինչև հիմա վստահել եմ, հիմա էլ չեմ վստահում Ձեզ: Մեր մեջ կատարված զրույցը Դուք ասում եք՝ սուտ ես ասում: Ո՛չ, ես չեմ ստում, եղել է էդ խոսակցությունը: Էն, որ ես պետք է գնայի արտաշիրիմումի, Դուք մի հատ էլ հարված ավել տայիք իմ եղբոր գլխին, որպեսզի հանրությանը ներկայացնեիք՝ եղել է կոտրվածք, դա ես ժխտեցի: Չե՛մ գնում արտաշիրիմումի»,-դատարանում հայտարարեց հանգուցյալ փաստաբանի քույրը՝ Հասմիկ Մանուչարյանը:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում: