Այսօր` օգոստոսի 11-ին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի կրկնակի չեմպիոն, Կիպրոսը ներկայացնող 14-ամյա Մարիա Յորյիու Սոմակյանին և նրա ծնողներին:

 

 

Համահայկական ամառային 6-րդ խաղերին Մարիան մասնակցել է 6 մրցույթի և նվաճել 6 մեդալ' 2 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ: 14-ամյա մարզուհու նվաճած մեդալներն առաջինն էին Համահայկական ամառային խաղերին մասնակցած, Կիպրոսը ներկայացնող մասնակիցների համար: Ցույց տված արդյունքների համար երիտասարդ մարզուհին պարգևատրվել է խորհրդանշական նվերներով:

 

Մարիան իր խոսքում նշել է, որ շուրջ 10 տարի է զբաղվում է լողով: Նա շատ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու Համահայկական խաղերին: Նա հատկապես տպավորված է եղել խաղերի բացման հանդիսավոր արարողությունից: Մարզուհու ծնողները հայտնել են նաև, որ Մարիան Կիպրոսում մասնակցել է մի շարք կարևոր մրցույթների և զբաղեցրել մրցանակային տեղեր:

 


ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը կարևորել է երիտասարդ տարիքում Մարիայի ձեռքբերումները և հույս հայտնել, որ հետագայում մարզուհին կհամալրի Հայաստանի լողի հավաքականի կազմը: Պարոն Զաքարյանը շնորհավորել է 14-ամյա մեդալակրին և նորանոր սպորտային հաջողություններ մաղթել նրան: