Հայ Առաքելական եկեղեցու ավազանում մկրտվելու իրավունք ունեն ազգությամբ հայերը կամ հայերի հետ ամուսնացածները: Թուրքիայում բնակվող հայերը Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելու համար պետք է ներկայացնեն Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի հաստատումը, որ իրենք հայ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Մայր Աթոռ Ս ուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը' անդրադառնալով նրան, որ Հայաստանում հրաժարվել են մկրտել Դերսիմից ու Տիգրանակերտից ժամանած հայերի: «Կանոնական առումով նրանք պատկանում են Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանին, իրենք պետք է դիմեն պատրիարքարան, փաստաթղթի տեսքով ստանան հաստատում, որ իրենք հայ են, անցնեն որոշակի պատրաստություն, այնուհետև մկրտվեն Հայ Առաքելական եկեղեցում»,-հայտնեց Հայր Զաքարիան' ավելացնելով, որ նշյալ մարդիկ պատրիարքարանի կողմից հաստատում չեն ունեցել:

 

 

Նրա խոսքով' խնդիրը լուրջ է, քանի որ հոգևոր անվտանգության հարց է առաջանում: «Թուրքական անձնագրերում նշվում է նրանց կրոնական պատկանելությունը, մարդը կարող է Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելուց հետո իր թուրքական անձնագրում մնալ մահմեդական»,-նշեց Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: «Մկրտությունը ձևական արարողություն չէ, այն կարևոր արարողակարգ է Հայ եկեղեցու կյանքում»,-ավելացրեց Հայր Զաքարիան: