Թուրքիայում դեռևս շարունակում են փնտրել օգոստոսի 11-ին երկրի տարածքը լքած երկու նախկին դատախազներ Զեքերիա Օզին և Ջելալ Քարային: Այն բանից հետո, ինչ թուրքական լրատվամիջոցները, հենվելով Արդվինի նահանգապետի հայտարարության վրա, տարածեցին, թե դատախազները Վրաստանի տարածքով փախել են Հայաստան, երկրում այլ վարկածներ ևս սկսվեցին տարածվել: Ինպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, նոր բացահայտման հեղինակը Թուրքիայում փոխադրումներ իրականացնող Metro Holding ընկերության գործադիր խորհրդի նախագահ Գալիփ Օզթուրքն է:

 

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նա հայտնել է, որ Զեքերիա Օզն ու Ջելալ Քարան Վրաստանից փախել են Ուկրաինա՝ Կիև:

 

Թուրքական լրատվամիջոցները օգոստոսի 11-ին տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր նախկին դատախազներ Զեքերյա Օզը և Ջեմալ Քայան, ում ձերբակալելու մասին որոշում էր կայացվել օգոստոսի 10-ին, թուրք-վրացական Սարպիի անցակետում հատել են սահմանը և մտնել են Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ Հայաստան: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նշեց, որ տեղեկատվություն չունի Թուրքիայի երկու դատախազների' Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին: «Մենք նման տեղեկատվություն չունենք»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

 

Նախկին դատախազներ Զեքերիա Օզը և Ջեմալ Քայան Թուրքիայում նախ հեռացվել էին իրենց պաշտոններից, այնուհետև քրեական հետապնդման էին ենթարկվել, երբ սկսել էին վարել 2013 թվականի դեկտեմբերին բացահայտված «Մեծ կաշառք» գործը, որին խառնված էին երկրի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա որդին՝ Բիլալ Էրդողանը, ինչպես նաև չորս նախարար: