Նավթի համաշխարհային գների նվազումն ու մանաթի փոխարժեքի էժանացումն անխուսափելի են դարձրել Ադրբեջանում բանկերի համախմբումը, ինչը իշխանության ներսում կասկածներ եւ երկընտրանք է առաջացրել՝ վերածվելով «չինովնիկ-օլիգարխ» նոր «պատերազմի օջախի»:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը գրում է, որ բանկերի համախմբման հետ կապված օլիգարխ չինովնիկների կասկածների պատճառն այն է, որ դրանց նշանակալի մասը հենց իրենց ձեռքում է կենտրոնացած:

 

 

«Եթե գործընթացին մեկնարկ տրվի, դա իշխանության ներսում նոր հակասությունների ճանապարհ կբացի: Իսկ խորհրդարանական ընտրությունների շեմին իշխանությանը նոր հակասություներ պետք չեն: Առանց այն էլ իշխանության ներսում իրավիճակը բավականին լարված է: Մի կողմից էլ բանկային կռիվը կարող է ցավալի արդյունքների պատճառ դառնալ իշխանական թիմի համար», -գրում է թերթը:

 

 

Պատահական չէ, որ Ադրբեջանի բանկերի ասոցիացիայի (ABA) եւ “Rabitə Bank” ընկերության տեսչական խորհրդի նախագահ Զաքիր Նուրիեւը fins.az-ին հայտնել է, որ բանկերի միավորումը հեշտ հարց չէ:

 

 

«Այդ հարցը վերջին տարիներին լայնորեն քննարկվում է: Ներկայում առկա մեծ ռիսկային գործոնը ավելի լավ կապիտալացված բանկերի կարիք է ստեղծում: Այդ պատճառով, նվազ կապիտալով բանկերի, ինչպես նաեւ բանկ չհանդիսացող վարկային կազմակերպությունների (BOKT) հզոր բանկերի հետ միավորումը հնարավոր է, դրա նկատմամբ հետաքրքրություն եւս կա եւ քննարկումներ են գնում: Սակայն, այդ խնդրի իրականացումն այնքան էլ հեշտ գործ չլինելու պատճառով դժվար է հստակ կարծիք հայտնել ադրբեջանական բանկերի համախմբման մասին», -ասել է Զաքիր Նուրիեւը: