Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող և «Արմեն ճամբար» անունով հայտնի հայկական որբանոցի պահպանման նպատակով կազմակերպվող դիմադրության 100-րդ օրը շինության տարածքը հսկողների վրա անհայտ անձինք ռասիստական հարձակում են գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Դիմադրության կազմակերպիչ «Նոր Զարթոնք» նախաձեռնության հեղինակները հայտարարություն են տարածել, որում հայտնել են, որ օգոստոսի 13-ի գիշերը' 23.30-ին անհայտ անձինք երեք մեքենաներով եկել են որբանոցի տարածք և «Քամփ Արմեն»-ում հերթապահող երկու անձի ծեծի են ենթարկել:

 

«Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամները վստահեցրել են, որ ցեղասպանական գիտակցության ապացույցը հանդիսացող այս հարձակումը չի կոտրի իրենց դիմադրությունը: «Հայտնում ենք հասարակությանը, որ «Արմեն ճամբարի» դիմադրությունը նույն վճռականությամբ շարունակելու ենք: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր բոլոր ընկերներին աջակցել « Արմեն ճամբարի» դիմադրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Թեպետ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ հայկական որբանոցի ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը հայտարարեց, որ այն նվիրաբերելու է Գեդիքփաշայի հայկական եկեղեցուն, սակայն մինչ այժմ այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել: