Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով հանրապետության բոլոր մարզերից հավաքված 500 մահապարտները 1992 թվականի հենց այս օրը երդում տվեցին «Եռաբլուր» պանթեոնում և մեկնեցին ռազմաճակատ: «Արծիվ մահապարտների միություն» հ/կ նախագահ Աստվածատուր Պետրոսյանի գլխավորությամբ ճակատից հաղթանակով վերադարձած մահապարտ ներն այցելեցին «Եռաբլուր»' հարգանքի տուրք մատուցելու ղարաբաղյան պատերազմում զոհ գնացած իրենց մարտական ընկերների, ինչպես նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:

 

 

«23 տարի առաջ այս օրը' երեկոյան 9-ին, 372 մահապարտներ, ովքեր հավաքվել էին սպարապետի կոչով, երդում տվեցին և մեկնեցին ճակատ: Այնտեղ մեզ միացան ևս 100-ից ավելի մահապարտներ, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի և մեր ժողովրդի: Երբ մահապարտների զորագունդը տոնում էր ստեղծման 5 տարին, Վազգեն Սարգսյանն ասաց. «Մենք տեսանք, որ մահապարտներն արեցին ամեն ինչ, ազգի սերուցքն եք: Եթե ազգը չգտնի 500 նվիրյալ' 300 միլիոնանոց ազգ լիներ, թե 5 միլիոնանոց, դատապարտված է կործանման: Փառք Աստծո, որ մեր մեջ գտնվեցին նման մարդիկ: Ադրբեջանին դա չհաջողվեց անել¸ որովհետեւ նրանք չունեին ոգեղենը, նպատակին հասնելու մղումը, այն գաղափարը, որ հայրենիքն ամեն ինչից վեր է»»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հիշեց Պետրոսյանը:

 

 

Նրա խոսքով' մահապարտներն ազգի սերուցքն էին, նրանց թվում էին գիտնականներ, նկարիչներ, քահանա, պատգամավոր, աշխատավոր և այլք: «Նրանք մինչև վերջ տվեցին իրենց կռիվը: Նրանք ուղևորվեցին այնպիսի ճակատ, որտեղ ողջ մնալու հավանականությունը 50/50 էր: Վազգենն ասում էր, որ կարող էր առանց որևէ կոչի հավաքել մի քանի հազար մարդ և ուղևորվել ճակատ: Սակայն իրեն պետք էր 500 նվիրյալ, ազգի մարտիկ, ովքեր պատրաստ էին ամենադժվարին պահին կանգնել հանուն հանյենիքի»,- նկատեց Աստվածուր Պետրոսյանը:

 

 

 

Նրա համոզմամբ' մահապարտներն այսօր էլ անհրաժեշտության դեպքում պատրաստ են մարտնչել և պարբերաբար այցելում են առաջնագիծ, զրուցում զինվորների հետ, կիսվում իրենց փորձով: Աստվածատուր Պետրոսյանի տեղեկացմամբ, մահապարտների զորագնդից զոհվել է 96-ը, ծանր վիրավորվել 108-ը:

 

 

1992 թվականի օգոստոսի 15-ին Պաշտպանության այն ժամանակվա նախարար Վազգեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որը մի մարտակոչ էր։ «Հարկավոր է և՛ս մի արթնացում, և՛ս մի հարված: Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից՝ փորձառուներից, որոնք գնալու են և կռվելու ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և ապրելու հավանականությունը 50/50 է: Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և կարողացանք 500 հոգանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք»,- ասել էր սպարապետը։