Ադրբեջանի իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի ճնշում գործադրեն երկրում անկախ քաղաքացիական հասարակության վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Human Rights House Foundation (Մարդու իրավունքների տների հիմնադրամ) ներկայացուցիչ Անե Տուսվիկ Բունդեն:

 

Նա միջազգային հանրությանը կոչ է արել պաշտպանություն արտահայտել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններին, աջակցություն ցուցաբերել «ռեպրեսիվ միջավայրում» աշխատող նրանց ազգականներին եւ գործընկերներին:

 

«Բոլոր քաղաքական առաջնորդները եւ ինստիտուտները պետք է հրապարակայնորեն կոչ անեն անհապաղ եւ անպայման ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիական հասարակության բոլոր առաջնորդներին», -հայտարարել է Բունդեն:

 

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տատյանա Լոկշինան, ով ներկա է եղել Բաքվում իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների դատավճռի կայացմանը, հայտարարել է. «Լեյլա եւ Արիֆ Յունուսների առողջական վիճակը թույլ չի տա կրել պատժի այդ ժամկետը: Նման պատիժը նրանց համար մահվան դատավճիռ է»:

 

Յունուսներին ազատելու կոչով հանդես է եկել միջազգային իրավապաշտպան Freedom Now կազմակերպությունը, որի գործադիր տնօրեն Մարան Թուները Յունուսների դատավճիռը «ցնցող եւ ամոթալի» է անվանել:

 

«Լեյլա եւ Արիֆ Յունուսներն իրենց կյանքի մեծ մասը նվիրել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Հաշվի առնելով նրանց առողջական վիճակը, նրանց նկատմամբ ընդունված դատավճիռը հավասարազոր է մահապատժի», -ասել է Թուրները:

 

Յունուս ամուսինների նկատմամբ Բաքվի դատավճիռը դատապարտել եւ «սարսափելի անարադարություն» են բնութագրել ԱՄՆ պետքարտուղարությունը եւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանաթ Փաուերը եւ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (World Organisation Against Torte - WOAT):

 

«Բաքվում անցկացված դատական գործընթացը ցուցադրել է արդար դատի իրավունքի միջազգային չափանիշների ակնհայտ խախտում», -ասել է WOAT-ի գլխավոր քարտուղար Հերալդ Սթեյբերոքը:

 

Յունուսների դատավճիռը դատապարտել եւ անհապաղ նրանց բանտից ազատելու կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարությունը, Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը, ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժովի նախագահ Իզաբել Սանտոսը, ով հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունները լկտիաբար խախտում են ԵԱՀԿ նորմերը»:

 

Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները 2014 թվականի ամռանը ձերբակալվել են պետական դավաճանության եւ այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն:

 

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու' պատմաբան-գիտնականի Արիֆ Յունուսի ձերբակալության իրական պատճառն այն է, որ Լեյլա Յունուսը իշխանություններից պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված մոտ 100 քաղբանտարկյալների եւ այդ հարցով մշտապես դիմել միջազգային կառույցներին:

 

Միջազգային հանրությունը Յունուս ամուսիններին քաղաքական բանտարկյալներ, իսկ Amnesty International կազմակերպությունը' «խղճի բանտարկյալներ» են ճանաչել:

 

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի: Լեյլա Յունուսը նաեւ «Թեոդոր Հաքեր» գերմանական պարգեւի մրցանակակիր է:

 

Տեղական եւ միջազգային հանրության աջակցությունը սրնթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները: