Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: «Հանրապետության գրեթե ողջ տարածքում հայտարարված է հինգերորդ աստիճանի հրդեհավտանգ իրավիճակ: Եթե նախորդ ամսում մենք հրդեհավտանգ իրավիճակ հայտարարել էինք առաձին մարզերի համար, օրինակ` Սյունքի, Արարատյան դաշտի, այժմ այն արդեն գործում է գրեթե ողջ հանրապետության տարածքի համար»,- ասաց Գաբրիելյանը:

 

Ներթափանցած ջերմային ալիքի ազդեցությունից հունիսին սկսել էին չորանալ դաշտավայրային մասերի խոտածածկ տարածքները, այնուհետև' նախալեռնային գոտիներինը, կանխատեսուրմներ կան, որ սեպտեմբերին վտանգը կհասնի լեռնային հատվածին: «Գնալով այդ չորացման գործընթացը տեղափոխվում է լեռնային տարածք, իսկ այնտեղ մենք ունենք բավականին շատ բուսական տարածքներ և հայտնվում ենք արտակարգ իրավիճակում: Վերջին շրջանում ամբողջ աշխարհում այդ ջերմային ալիքների հետևանքով ընթանում են խոշոր հրդեհներ: Մեր երկիրը չէր կարող դուրս մնալ գլոբալ տաքացման շրջանակներից, և բնականաբար հայտնվել է ներթափանցած ջերմային ալիքների ազդեցության տակ»,- նշեց նա:

 

2014 թ. օգոստոսի 1-ի համեմատ այս տարվա օգոստոսի 1-ին բուսածածկ տարածքների հրդեհները հանրապետությունում աճել են 3 անգամ, այսինքն' 835-ից հասել են 2470-ի: Հրդեհների վտանգը հատկապես աճել է 5,1 անգամ Երևան քաղաքում, մոտ 4,6 անգամ Կոտայքի մարզում, և մյուս մարզերում էլ' 2,9-3 անգամ: Հրդեհավտանգ իրավիճակները չեն աճել միայն Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերում: Պատճառն այն է, որ դրանք լեռնային գոտում են:

 

Գաբրիելյանի դիտարկմամբ' անտառների հրդեհները նաև սոցիալական երևույթ են: «Բոլոր անտառամերձ գյուղերի բնակիչներն անտառային կողմնարդյունքից օգտվում են' հատապտուղների, դեղաբույսերի տեսքով և այլն: Հետևաբար, եթե գյուղական տարածքին հարակից անտառազանգվածը վնասվում է, գյուղական համայնքը կրում է մեծ վնասներ: Մարդիկ հավաքում են այդ հատապտուղները, վաճառում օգտվում են այդ ամենից»,- հավելեց նա:

 

109 անտառամերձ գյուղական համայնքներում ստեղծվել են հրշեջ-փրկրարական կազմավորումներ, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել: 2014 թ. հունվարից սկսած' 911 ծառայությունն արդեն հասանելի է բոլոր մարզերում: Անտառամերձ բնակավայրերում մեծ թվով ուսապարկեր են բաժանվել, որոնք ունեն 20 լիտր տարողություն, որպեսզի հրդեհի դեպքում հրդեհաշիջում իրականացվի: «Այս տարի մենք պաշտանության նախարարության հետ համագործակցության պայմաններում ձեռք ենք բերել ջրթափ օդային սարք, որն ունի 2,5 տոննա տարողություն, որպեսզի մենք հասնենք այնտեղ, որտեղ մարդիկ չեն կարողան ում հասնել և այդ ուղղաթիռով հրդեհները մարենք: Արդեն ձեռք են բերվել նաև 5 ամենագնացներ հատուկ հրդեհաշիջման համար»,- հավաստեց ՏԿԱԻՆ ներկայացուցիչը: