Իսրայելը և Հայաստանը պետք է «քաղաքականապես ընդունեն» ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից իրականացրած կոտորածների և սեքսուալ ստրկության զոհ դարձած եզդիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Huffington Post պարբերականում հրապարակված հոդվածում նման տեսակետ է հայտնում Երուսաղեմի «Վան Լիր» ինստիտուտի «Պոլոնսկի» ակադեմիայի գիտաշխատող Շթեֆան Իրինգը:

 

 

Հոդվածագիրը նշում է, որ զանգվածային լրատվության պատմությունը և աշխարհում տեղի ունեցած դաժանությունները մեզ սովորեցնում են, որ միջազգային հանրությունը մինչ օրս ի զորու չի եղել ժամանակին արձագանքել տեղի ունեցող վայրագություններին, զանգվածային կոտորածներին, արդյունավետ պայքարել դրանց կանխարգելման, ժամանակին ճնշման համար: Անցած դարի պատմությունը լի է դաժան դրվագներով, որոնց ընթացքում աշխարհի հանրությունը և գերտերությունները ոչինչ չեն ձեռնարկել այդ ոճրագործությունները դադարեցնելու համար: Միաժամանակ, Իրինգը նկատում է, որ հազվադ եպ դեպքերում է, որ դրա պատճառը եղել է տեղեկատվության պակասը:

 

 

Դեռևս 1890-ական թվականներին Օսմանյան կայսրությունում Աբդուլ Համիդ 2-րդի կազմակերպած հայերի զանգվածային կոտորածների ժամանակ Գերմանիան լավ տեղեկացված է եղել տեղի ունեցող իրադարձությունների մասին: Գերմանական տպագիր մամուլը, հիմնվելով սեփական աղբյուրների և անգլալեզու թերթերի վրա, հաղորդել է սարսափելի պատմությունների մասին: Սակայն այդ հրապարակումները այդպես էլ չկարողացան որևէ կոնկրետ արձագանք ձևավորել գերմանական հասարակությունում: Գերմանիայից բացի, մյուս գերտերությունները նույնպես ոչինչ չձեռնարկեցին հայերին օգնելու համար:

 

 

Իսկ Համիդյան ջարդերից 20 տարի անց՝ Հայոց ցեղասպանության տարիներին, գերմանական թեթերից մեկն անգամ փորձել է արդարացնել հայերի ճակատագրի հանդեպ միջազգային հանրության անտարբեր վերաբերմունքը: Համաշխարհային հանրության անտարբերության մեկ այլ օրինակ է Հոլոքոստը, որի ժամանակ աշխարհը չկարողացավ հասկանալ և վերջ տալ հրեաների դեմ իրականացվող գործողություններին: