ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունների հարկային մարմինների միջև համագործակցությունը սկիզբ է դրվել երկու կառույցների ստեղծման առաջին իսկ օրվանից: Համագործակցության շրջանակում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատանքային խմբերի միջև:

 

 

Օրերս աշխատանքային այցով Երևանում է եղել ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի և ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանի կողմից ստորագրվել է 2015-17թթ. համագործակցության միջոցառումների ծրագիր:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով, ծրագրով նախատեսվում է երկու հարկային մարմինների միջև տեղեկատվության, առաջավոր փորձի փոխանակության, ուսուցման կազմակերպման, համատեղ հսկողական միջոցառումների և հարկային վարչարարության մյուս կարևոր ուղղություններով աշխատանքների իրականացում:

 

 

ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանը, կարևորելով երկու կառույցների սերտ համագործակցությունը, նշել է, որ հարկային օրենսդրության և վարչարարական փորձի ուսումնասիրության և փոխառության նպատակով նախատեսվում է շարունակել մասնագետների և աշխատանքային խմբերի փոխադարձ այցելությունները:

 

 

Եռամյա գործակցության ծրագրով նախատեսվում է նաև ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հնարավորությունների զարգացում, իրավախախտումների բացահայտում և կանխարգելում, ԼՂՀ հարկային դաշտի վերաբերյալ տեղեկատվական նյութերի հրապարակմանը օժանդակում:

 

 

Արցախի ՖՆ անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախատեսվում է մասնագետների ներգրավումը ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներին: Ամփոփելով և արդյունավետ գնահատելով 2012-14թթ. եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, ընդգծվել է, որ հաջողվել է կյանքի կոչել նախատեսված բոլոր միջոցառումները: Մասնավորապես, երկու կառույցների աշխատանքային խմբերի, մասնագետների փոխադարձ այցելություններ են կազմակերպվել, որոնց ընթացքում քննարկվել են հարկային վարչարարության կատարելագործման, հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման, հսկողությանն ուղղված հարցեր: ՀՀ ՖՆ մասնագետների կողմից ծրագրի շրջանակում միաժամանակ պարբերաբար մեթոդաբանական օժանդակություն է ցուցաբերվել դատաիրավական, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: