Իրանն ու Ադրբեջանը բանակցություններ են սկսել համատեղ բանկ ստեղծելու եւ դրա մասնաճյուղերը Բաքվում եւ Թեհրանում բացելու շուրջ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թրենդ»-ին հայտնել է Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, միջկառավարական հանձնաժողովի իրանցի համանախագահ Մահմուդ Վաեզին:

 

Նախարարը հայտնել է, որ Իրանի մի քանի մասնավոր բանկեր շահագրգռված են մտնելու Ադրբեջանի բանկային շուկա:

 

Մահմուդ Վազեին նշել է, որ ներկայում երկու երկրների միջբանկային համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ:

 

«Ադրբեջանում գործում է Bank Melli İran բանկի մասնաճյուղը, սակայն, այն ակտիվ չէ: Այդ հարցերի հետ կապված արդեն առաջին բանակցություններն են անցկացվել: Ենթադրվում է, որ այդ հարցերը կքննարկվեն Ադրբեջանի կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովի' առաջիկայում Իրան կատարելիք այցի ժամանակ»,- նշել է նա:

 

Իրանցի նախարարն ասել է, որ բանակցությունների թեմաներից մեկն էլ Ադրբեջանի բանկերում 200 մլն դոլար իրանական ֆինանսական միջոցների սառեցման հարցն է: Նրա խոսքով' ծրագրվում է այդ միջոցների մի մասն ուղղել նավթային հատվածին, իսկ մնացած մասը' Bank Melli Iran բանկի կապիտալի ավելացմանը:

 

Մահմուդ Վաեզին նաեւ հավելել է, որ Ադրբեջանն ու Իրանը նպատակադրվել են ներկայում երկու երկրների միջեւ առկա տարեկան 500 մլն դոլար առեւտրային շրջանառությունը առաջիկա տարիներին 4 անգամ մեծացնել եւ հասցնել 2 մլրդ դոլարի: