Ոստիկանության ծառայողի նկատմամբ, ով օգոստոսի 21-ին բողոքի ակցիայի ժամանակ ապտակել է տարեց տղամարդուն, ՀՀ գլխավոր դատախազությունում գործ է նախապատրատվել: Այս մասին ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ հավաքված քաղաքացիներին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ծառայողներից մեկը կարող է սխալ անել. կարևորը՝ ոստիկանությունն իր աշխատակցի ոչ իրավաչափ գործողությանն արձագանքում է համարժեք: Մենք հայտարարություն ենք արել ԶԼՄ-ներով, որ նշյալ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են: Քաղաքացին՝ Հակոբ Նազարյանը հաղորդում է տվել Ոստիկանության կենտրոնի բաժնում, ու նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել Գլխավոր դատախազություն: Այսինքն' բոլոր իրավական ընթացակարգերն իրականացվել են: Ոչ մի բան բաց չի թողնվել»,- ընդգծեց Աշոտ Ահարոնյանը' հավելելով, որ ներկայում գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության քննության ներքո:

 

 

Աշոտ Ահարոնյանն առաջարկեց ցուցարարներին չշտապել և սպասել ծառայողական քննության արդյունքներին: Այնուհետև ցուցարարները պահանջ ներկայացրին, որ տվյալ ոստիկանը գա ու տարեց տղամարդուց ներողություն խնդրի, քանի որ, անկախ ծառայողական քննության արդյունքներից, նրա արարքը դատապարտելի է: Նրանց պահանջին ի պատասխան' Աշոտ Ահարոնյանը պարզաբանեց. «Դուք ուզում եք նրան մի իրավական ընթացակարգից կտրել, բերել բարոյականության դաշտ, հետո նորից տանել իրավական դաշտ: Կարևորը իրավական գնահատականն է, որովհետև մեր նպատակը օրենքի կատարումն է: Դա իր իրավ ունքն է՝ ներողություն կխնդրի, թե՝ ոչ: Ոստիկանության որևէ բարձրաստիճան սպա չի կարող ստիպել ծառայողին անել մի բան, որն իր ծառայությունից դուրս է: Նա արել է արարք, որի ապացուցված լինելու դեպքում օրենքով պատասխանառվության կենթարվի»:

 

 

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ, որպես օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական ծառայության ղեկավար, հասարակությունից ներողություն խնդրեց: «Այն բանի համար, որ ոստիկանը նման արարք է կատարել, ես հասարակությունից եմ ներողություն խնդրում, ոչ թե տարեց մարդուց: Անկախ այն բանից, թե այդ տարեց մարդն ինչ էր իրեն թույլ տվել, ոստիկանը նման բան իրավունք չուներ անել»,- ավելացրեց Օսիպյանը:

 

 

Նա նաև տեղեկացրեց, որ ապտակած ոստիկանը, որը օգոստոսի 21-ին ցուցարարների հետ քաշքշուկի ժամանակ վնասվածքներ է ստացել, ապաքինվում է և չի կարող գալ ցուցարարների մոտ: Վերջիններս հայտարարեցին, որ կսպասեն մինչ երկուշաբթի' պահանջելով, որպեսզի տարեց մարդուն ապտակած ոստիկանը տեսանյութի միջոցով ներողություն խնդրի իր արարքի համար: Նրանք նշեցին, որ այլապես կրկին բողոքի ձայն կբարձրացնեն: