ԿԺԴՀ-ն շուրջ 10 դեսանտային նավ է տեղակայել Դեղին ծովում այսպես կոչված հյուսիսային սահմանազատիչ գծից մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Yonhap գործակալությունը:

 

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ «մի քանի տասնյակ հյուսիսկորեական սուզանավեր կամ դրանց մոտավորապես 70 տոկոսն այժմ գտնում է ծովում»: Այդ կապակցությամբ «հարավկորեական ռազմական ուժերն ուժեղացրել են հականավային խմբավորումը»:

 

Ներկայում սահմանամերձ Փանմունջոմում արդեն ավելի քան քսան ժամ ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչների միջեւ շարունակվում է բանակցությունների երկրորդ փուլը Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելու շուրջ: Երկխոսությունն ընթանում է «երկու գումարած երկու» ձեւաչափով: Կորեայի Հանրապետության կողմից դրան մասնակցում են նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կիմ Գվան Չժինը եւ միավորման գործերի նախարար Հոն Յոն Պյոն: Հյուսիսը ներկայացված է Հարավային Կորեայի գործերի բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յանգ Գոնի եւ Կորեայի ժողովրդական բանակի քաղաքական վարչության տնօրեն Հվան Բյոն Սոյի կողմից:

 

Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի փոխհարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ օգոստոսի 20-ին երկու երկրների միջեւ փոխհրետակոծություն է տեղի ունեցել Ապառազմականացված գոտու արեւմտյան մասում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: