Ինչպես արդեն տեղեկացրել էր MediaMall.am-ը, մեկնարկել է ամենամյա երկրապահական ուխտագնացությունը դեպի Արցախ աշխարհ:

 

Ուխտագնացության շրջանակներում երկրապահներն այցելում են զոհված մարտընկերների պատվին կանգնեցված հուշարձաններին, հանդիպում են սահմանամերձ տարածքների բնակչությանը, ոգեւորում, վստահեցնում, որ վտանգի պահին սահմանաբնակը կզգա Երկրապահի աջակցությունն, ինչպես 1989-94 թվականների պատերազմում է զգացել:


Արցախում ելույթով հանդես է եկել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը, որը ներկայացնում ենք ստորև.

 

Ողջո՛ւյն հարգելի ներկաներ՝ երկրապահներ, մայրեր, քույրեր.

 

Ջերմագին երկրապահական ողջո՛ւյն Արցախ աշխարհին, Հադրութի վարչական շրջանին, Էդիլլու ձորակի բնակչությանը։

 

Բոլորս ենք հիշում 1992-ի դաժան օգոստոսյան օրերը, որ Հադրութի համար ճակատագրական էին. ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Հադրութի ուղղությամբ: Ժամանակները ծանր էին, ունեցանք բազում զոհեր, սակայն Հադրութը չծնկեց թշնամու առաջ. հակառակորդին տալով արժանի հարված' հայ քաջորդիները կարողացան Արցախի հարավային դարպասը պահել անառիկ: Այդ հաղթանակը կայացավ աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգի ջանքերով՝ հադրութցու, շուշեցու, էջմիածնեցու, երեւանցու, ստեփանակերտցու, ստեփանավանցու, գյումրեցու, տավուշցու, սփյուռքահայի՝ բոլորիս։

 

Հադրութն ինձ համար հատկապես հոգեհարազատ տարածք է, քանի որ, զինվորագրվելով Արցախյան ազատամարտին, դեռ 1988-ից , էջմիածնեցի կամավորականների հետ տեղակայվել ենք Հադրութի Էդիլվա ձորակում, Արցախի տարածքի առաջին գյուղը, որ ազատագրել ենք, եղել է Հադրութի Հողերը: Հադրութցին վստահել եւ գնահատել գիտե. այդ պատճառով էլ դեռ ընթացող պատերազմի ժամանակ այս ժողովուրդն ինձ ընտրեց Արցախի ԱԺ պատգամավոր Հադրութի տարածքից:

 

Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած հադրութցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն հադրութցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս հադրութցիների անուններ հիշատակել' Արթուր Մկրտչյան, Տողի Վիգեն, Արթուր Աղաբեկյան, Պավլուշ, Կամո Աղաջանյան, Խորեն Հովսեփյան, ձյաձ Գենրիխ, Նավասարդյան եւ այսպես շարունակ:

 

Հպարտությամբ նշեմ, որ երկրապահների մաքառումների գնով պաշտպանված Հադրութի հողում՝ Էդիլվա ձորակում այսօր կատարվում է նաեւ հայոց Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված երկրապահական խաչքարի բացման արարողություն: Նման խաչքար տեղադրել ենք նաեւ Հադրութ շրջկենտրոնում, որի բացումը կատարվել է օգոստոսի 15-ին՝ Հադրութի վերածննդի օրվա տոնական միջոցառումների շրջանակներում։ Եվ առհասարակ՝ Արցախի բոլոր տարածքներում Երկրապահը Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներն է կանգնեցրել, որպեսզի թուրք ազերին հասկանա, որ հայ մշակույթը, հայ քաղաքակրթությունը, հայի հավատքն անմահ են:

 

Սրանք արժեքներ են, որ մշտապես պաշտպանվելու են երկրապահ հայ ազգի, հայոց անկախ պետականության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հայկական պետության կողմից։