Ռուսաստանի և Արևմուտքի տարաձայնությունները չպետք է ազդեցություն ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' օգոստոսի 27-ին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

 

«Հույս ունենք, որ Ռուսաստանի տարաձայնությունը որևէ երկրի հետ, որը ծագում է ոչ մեր մեղքով, չի ազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա, որում, մասնավորապես, ընդգրկված են նաև ՌԴ-ն և ԱՄՆ-ը»,- ասել է Զախարովան' ավելացնելով, որ ՌԴ կողմից որևէ հարց կամ խնդիր չի կարող լինել:

 

 

«Մենք այդ ֆորմատի մասնակիցն ենք և շատ պատասխանատու կերպով ենք վերաբերվում մեր պարտականություններին: Հասկանում ենք, թե այդ խմբի օրակարգում որքան լուրջ թեմա է»,- ասել է Զախարովան: