Շվեյցարիայում բնակչության 53 տոկոսը կողմ է երկրում ծխախոտի գովազդն արգելող օրենքի ընդունմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով La Matin-ը, անգամ հարցմանը մասնակցած ծխողների 57 տոկոսը կողմ է արտահայտվել ծխախոտի գովազդն արգելելու վերաբերյալ կառավարության նախաձեռությանը' շեշտելով, որ դա կնպաստի, որպեսզի երիտասարդները ձերբազատվեն այդ վատ սովորությունից:

 

Շվեյցարիայի կառավարությունը վաղուց էր մտադիր նման օրենք ընդունել, սակայն մի քանի անգամ նախաձեռնությունը տապալվել է, քանի որ բնակչության մեծամասնությունը դեմ էր: 2012թ անցկացված սոցհարցման արդյունքում նման օրենքին կողմ էր արտահայտվել բնակչության 49 տոկոսը: Այժմ, երբ բնակչության և կառավարության տեսակետը հարցի առնչությամբ համընկնում է, կառավարությունը երկրի խորհրդարան է ուղարկել օրենքի նախագիծ, որտեղ արգելվում է ծխախոտի գովազդը ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև թերթերում, փողոցներում գովազդային վահանակների վրա, ֆիլմերում: