Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի' Եվրոպայի լիգայի խմբային փուլում ադրբեջանական «Գաբալայի» հետ արտագնա հանդիպումը բաց թողնելու հնարավոր տարբերակին և նշել.

«Եթե խոսենք սպորտային օրենքներով, ապա Ադրբեջանը պարտավոր է թույլատրել Հենրիխ Մխիթարյանին մուտք գործել իր երկիր: Եթե ֆուտբոլիստին թույլ չտան մասնակցել խաղին, ապա Մխիթարյանն' ինքը, կամ էլ ակումբը պետք է դիմեն ՈւԵՖԱ: Ադրբեջանը ոչ մի օրինական հիմք չունի ֆուտբոլիստին իր թիմում խաղալ արգելելու համար: Եթե Բաքուն խոչընդոտներ ստեղծի, ապա դա կլինի ֆուտբոլային օրենքների կոպիտ խախտում: Քաղաքական պատճառներով Մխիթարյանին խաղին թույլ չտալ մասնակցելը տրամաբանությունից դուրս է», – Սիմոնյանի խոսքը մեջբերում է usarminfo.ru-ն:

Սիմոնյանը նաև հավելել է, որ ՈւԵՖԱ-ն քաղաքական տարաձայնություններից ելնելով երբեմն թիմերին տարբեր խմբերում է ընդգրկում: Եվ եթե այս դեպքում միջազգային կառույցը թույլ է տվել, որ միևնույն խմբում ընդգրկվեն ադրբեջանական ակումբը և Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, ուրեմն ՈՒԵՖԱ-ն պարտավոր է ապահովել ֆուտբոլիստի մասնակցությունն' Ադրբեջանում կայանալիք խաղին: