Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով' 2014 թվականին այդ երկրում հիվանդացել է 1 մլն 853 հազար մարդ, ինչը նախորդ տարվանից 6,5 տոկոսով ավելի է: Անցյալ տարի Ադրբեջանում հիվանդացել են 10 հազար մարդուց 1968-ը: Դա 2013 թվականին եղածից 5,2 տոկոսով ավելի է: 10 հազար մարդու հաշվարկով ամենատարածված հիվանդությունների թվում են շնչառական ուղիների (787,2), մարսողական ուղիների (161,8) եւ սիրտ-անոթային հիվանդությունները (149,2):

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ադրբեջանական Պետվիճկոմի համաձայն' 2014 թվականին արտասահման բուժման է մեկնել 169 811 Ադրբեջանի քաղաքացի (ոչ պաշտոնական տվյալներով' 1 մլն-ից ավելի): Պաշտոնական տեղեկություններով' այդ նպատակով ծախսվել է 52 մլն մանաթ: Ադրբեջանցիները բուժման համար ավելի շատ մեկնել են Իրան: Պաշտոնական տվյալներով' անցյալ տարի այդ երկրի կլինիկաներ են դիմել 96,6 հազար ադրբեջանցիներ:

 

Անցյալ տարի Ադրբեջանում բժշիկների թիվը, 400 հոգով ավելանալով, հասել է 32,8 հազարի: 2014 թվականին 10 հազար բնակչին Ադրբեջանում հասել է 34,6 բժիշկ, ինչը 2013 թվականի համեմատ, 0,1 տոկոսով փոքր է: Ադրբեջանում 2014 թվականին բժիշկների թիվը 800 հոգով պակասել է' երկրից նրանց հեռանալու պատճառով, իսկ միջին բժշկական անձնակազմի թիվը կազմել է 56,1 հազար հոգի:

 

Անցյալ տարի Ադրբեջանում բժշկական հաստատությունների թիվը, 13-ով ավելանալով, հասել է 566-ի: 1993 թվականին Ադրբեջանում 776 հիվանդանոց է եղել: 2014 թվականին շահագործման է հանձնվել երկու ամբուլատոր պոլիկլինիկա: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ' Ադրբեջանում 1746 ամբուլատորիա եւ պոլիկլինիկա կա: 1993 թվականին դրանց թիվը եղել է 1749:

 

Ադրբեջանում բժշկությունը պաշտոնապես անվճար է: Սակայն, ամեն հիվանդություն եւ վիրահատական միջամտություն իր ոչ ֆորմալ գինն ունի:

 

2013 թվականի արդյունքներվ Ադրբեջանում առողջապահության աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 181,8 մանաթ, ինչն այդ երկրում առկա միջին աշխատավարձից 2,5 անգամ ցածր է:

 

«Այդ ցուցանիշը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում տեղական բժշկական հաստատություններ դիմողների թիվը խիստ ցածր է: Նրանք բուժման համար մեկնում են Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան եւ անգամ Պակիստան ու Եվրոպա: Իսկ դա խոսում է Ադրբեջանում առողջապահության ցավալի վիճակում մեջ լինելու մասին», - գրում է թերթը: